Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հոկտեմբերի 6-ին՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը, Հայաստանում հայտարարված է սգո օր

Հոկտեմբերի 6-ին՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը, Հայաստանում 
հայտարարված է սգո օր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի ազգային հերոս, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է սուգ:

Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը: Արտերկրում ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ: Հայաստանում ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները վերանայում են իրենց եթերային ցանկը, չեն ցուցադրվում զվարճալի եւ ժամանցային հաղորդումները, երկրում չեղյալ են համարվում ժամանցային միջոցառումները:

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12.00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի, կհնչեցվեն Երևանի բոլոր եկեղեցիների, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ և Մասիսի Ս. Թադեոս եկեղեցիների զանգերը և կկատարվի Հոգեհանգստյան կարգ:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը կանցկացվի Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Լամորի համայնքում:

Հոկտեմբերի 5-ին Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվեց հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: Ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: 

Շառլ Ազնավուրը (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Ֆրանսիայում: Նա Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր, նկարահանվել է  60-ից ավելի կինոնկարներում:

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ. Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: Երևանում բացվել է նաև Ազնավուրի թանգարանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]