Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լուսաբանող լրագրողների համար ստեղծվել է մամուլի կենտրոն

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լուսաբանող լրագրողների համար ստեղծվել է մամուլի 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Դրանք լուսաբանող լրագրողների համար ստեղծվել է մամուլի կենտրոն: «Արմենպրես»-ը մամուլի կենտրոնի, սպասվող միջոցառումների ու լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպման աշխատանքների մասին զրուցել է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ, մամուլի կենտրոնի պատասխանատու Էլեն Հարությունյանի հետ:

- Տիկին Հարությունյան, ո՞րտեղ է տեղակայված լինելու մամուլի կենտրոնը, և երբվանի՞ց է այն սկսելու գործել:

- Մամուլի կենտրոնը տեղակայված է լինելու Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հետնամասում: Նախնական տվյալներով, հոկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 06:45-ից Շահումյան հրապարակից լրագրողներին ավտոբուսներով տեղափոխելու ենք այնտեղ: Մամուլի կենտրոնն իր աշխատանքները սկսելու է հոկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 07:00-ից: Այն աշխատելու է ոչ միայն բուն գագաթաժողովի օրերին, որովհետև ինչպես գիտեք հոկտեմբերի 7-ին դեսպանների մակարդակով հանդիպում է լինելու, հետո ամսի 8-ին և 9-ին արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում: Ամսի 10-ին մեկ օր դադար է լինելու, որ բարձրաստիճան պատվիրակությունները ժամանեն Հայաստան, իսկ ամսի 11-12-ին արդեն կմեկնարկի բուն գագաթաժողովը: Մենք լրագրողների տեղափոխումը կազմակերպելու ենք ամեն օր, հնարավոր է նաև օրվա մեջ մի քանի անգամ`կախված լրագրողների քանակից ու հոսքից:

 

- Մամուլի կենտրոնում ինչպե՞ս է կազմակերպվելու լրագրողների աշխատանքը:

- Այնտեղ միշտ մեր թիմից մարդիկ են լինելու: Մենք նախապես, իհարկե, կտանք մամուլին ծրագրի այն հատվածը, որն իրենց է հետաքրքիր կլինի, և կնշենք, թե երբ ու որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչները կկարողանան նկարահանումներ իրականացնել: Այդ ամբողջ տեղեկատվությունն օպերատիվ կերպով կփոխանցենք: Բացի այդ, մամուլի կենտրոնում էկրանների վրա օրական մի քանի անգամ թարմացվելու է ծրագիրը, այսինքն լրատվամիջոցներն ամբողջովին իրազեկված են լինելու, թե ինչ նիստեր, հանդիպումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ են տեղի ունենում: Լրատվամիջոցների իրազեկումն այդպես է կազմակերպվելու: Եթե ծրագրում փոփոխություններ լինեն, դա նույնպես մամուլի կենտրոնում արտացոլված կլինի: Սակայն ամբողջ տեղեկատվությունը լինելու է նաև գագաթաժողովի պաշտոնական կայքում: Ես բոլոր լրագրողներին կխնդրեմ` օրվա մեջ մի քանի անգամ հետևել թարմացումներին, որոնք կլինեն այդտեղ: Կայքի հղումը կարող եք գտնել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից: Մամուլի կենտրոնը նաև տեխնիկապես հագեցված է լինելու լրագրողների համար, որ կարողանան իրենց աշխատանքներն իրականացնել: Այնտեղ լինելու են համակարգիչներ, մոնտաժի համար նախատեսված սենյակներ: Ամեն ինչ կլինի լրագրողների ձեռքի տակ: Հոկտեմբերի 11-12-ին լրագրողները մամուլի կենտրոնում նաև սնունդով են ապահովվելու: Մնացած օրերին լրատվամիջոցների ներկայացուցիչներին կապահովենք առնվազն սուրճով, թեյով ու ջրով:

- Մամուլի կենտրոնում ճեպազրույցներ ու ասուլիսներ նախատեսվա՞ծ են:

- Մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսների համար առանձին սրահ է նախատեսված: Այս պահի դրությամբ մենք 3 ասուլիս ենք նախատեսել, որոնք կիրականացնեն հայկական կողմի և ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մամուլի պատասխանատուները: Առաջինը կլինի նախնական ամսի 9-ին, երբ նախարարական մակարդակով հանդիպումները կվերջանան ու կամփոփվեն, երկրորդը` ամսի 10-ին, երբ արդեն բարձրաստիճան բոլոր պատվիրակությունները կժամանեն և արդեն հաջորդ օրը գագաթաժողովը կսկսի, կներկայացվի ամսի 11-12-ին կայանալիք գագաթաժողովի ծրագրերը, և ամսի 11-ի երեկոյան կամփոփվի գագաթաժողովի աշխատանքի առաջին օրը: Ընթացքում արտահերթ մամուլի ասուլիսներ ևս կարող են լինել: Բացի այդ, ընդունված կարգ կա, որ պատվիրակությունները, որոնք ժամանելու են, կարող է ուզենան մամուլի ասուլիս կազմակերպեն: Նրանք կտեղեկացնեն մամուլի կենտրոնի պատասխանատուներին ու մենք արդեն էկրանների վրա միանգամից այդ տեղեկատվությունը կտեղադրենք: Բոլոր ասուլիսները լինելու են ֆրանսերեն, իհարկե մեր կամավորները հնարավորինս կօգնեն հայաստանյան լրատվամիջոցներին` այդ լեզվական խոչընդոտը հաղթահարելու հարցում: Առանձին ասուլիսներ կարող ենք կազմակերպել հայերենով, բայց այդ դեպքում, իհարկե, դրանց կիրականացնի միայն ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ պարոն Տիգրան Բալայանը: Հաշվի առնելով, որ սա Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միջոցառումն է, իրենք բավական խիստ կանոններ ունեն լեզվի հետ կապված: Եթե զգանք, որ հայաստանյան լրատվամիջոցները հայերեն լեզվով ասուլիսի կարիք կունենա, ամենայն հավանականությամբ պարոն Բալայանը դա կանցկացնի: Միայն ամսի 12-ին կայանալիք եզրափակիչ մամուլի ասուլիսին արդեն թարգմանություն կապահովենք:

- Լրատվամիջոցների աշխատակիցների համար սահմանափակումներ կամ հատուկ կանոններ կա՞ն:

- Ֆրանկոֆոնիայի միջոցառումները լուսաբանելու համար նախօրոք հավատարմագրված բոլոր լրագրողների համար մամուլի կենտրոնի տարածքն ամբողջությամբ ազատ է մուտք գործելու համար, բայց միայն հատուկ անցաթուղթ ունենալու պարագայում: Հատկապես ամսի 11-ին ու 12-ին անվտանգությունը բավական խիստ է լինելու, կխնդրեմ, որ բոլորը լինեն անցաթղթերով: Անվտանգության կողմից լինելու են նաև այլ սահմանափակումներ, կխնդրեմ, որպեսզի լրատվամիջոցների ներկայացուցիչները այդ կանոններին հետևեն: Այդ երկու օրերի ընթացքում մենք շատ շուտ ենք սկսելու աշխատել, և այն լրատվամիջոցները, որոնք ցանկություն կունենան նկարահանելու երկրների ղեկավարների ձեռքսեղմման ու ընտանեկան լուսանկարի արարողությունը պատվիրակությունների ժամանումից առնվազն մեկ-մեկուկես ժամ առաջ իրենք պետք է անցնեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները ու տեղակայված լինեն մարզահամերգային համալիրի ներսում: Այս պահի դրությամբ միջոցառումների մեկնարկը նախատեսված է 08:30-ից, այսինքն` լրատվամիջոցներն ամենաուշը ժամը 07:00-ին պետք է ներսում լինեն: Լրատվամիջոցների համար հնարավոր է առանձին մուտք նախատեսվի, որպեսզի ավելի արագ անցնեն անվտանգության միջոցառումները: Արարողակարգային նկարահանումների համար մենք միջոցառումից մոտ մեկ ժամ առաջ լրատվամիջոցներին տեղեկացնելու ենք այդ մասին: Դրանք լուսաբանել ցանկացողները պետք է գրանցվեն, որից հետո նրանց կտեղափոխենք նկարահանման վայր: Մամուլի կենտրոնը հենց մարզահամերգային համալիրի շենքում չէ, այլ հետևի հատվածում է տեղակայված: Մենք լրագրողներին կազմակերպված ձևով կտանենք դեպի դահլիճ, նկարահանումներն ավարտելուց հետո կուղեկցենք հետ: Եթե լրատվամիջոցների ներկայացուցիչներն ուշանան ու հանդիպումների գրանցումը փակված լինի, մենք ոչինչ չեն կարողանա անել: Հանդիպումից առնվազն մեկ ժամ կամ 45 րոպե առաջ գրանցումները փակելու ենք: Կխնդրենք, որպեսզի դա հաշվի առնեն: Այդ կանոնը չի փոխվելու: Մամուլի կենտրոնում լինելու միջոցառումների ուղիղ հեռարձակում, նրանք, ովքեր չեն հասցնի գրանցվել որևէ միջոցառման, կարող են մամուլի կենտրոնից հետևել:

- Քանի՞ լրագրող է հավատարմագրվել Ֆրանկոֆոնիայի միջոցառումները լուսաբանելու համար:

- 500-ից ավելի լրագրող է հավատարմագրվել այս պահին լուսաբանման համար: Ցանկանում եմ նաև նշել, որ մենք ունենալու ենք պաշտոնական լուսանկարահանող: Իր կողմից արված բոլոր լուսանկարների հղումները տեղադրվելու են, լրատվամիջոցները կարող են նաև օգտվել այդ լուսանկարներից: Մամուլի կենտրոնում տեսանյութերը հասանելի են լինելու բոլոր լրատվամիջոցներին:

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]