1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». Վարչապետի գիրքը կրկին գլխավորում է աղյուսակը. հայ գրականություն. սեպտեմբեր, 2018

«Երևանյան բեսթսելեր». Վարչապետի գիրքը կրկին գլխավորում է աղյուսակը. հայ 
գրականություն. սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով, ընդհատակում էր: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ եւ առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…». Նիկոլ Փաշինյան:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» տասնյակի երրորդ հորիզոնականում է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

Չորրորդ տեղում է Համո Սահյանի «Ընտրանի»-ն: Սահյանի ստեղծագործությունների ընտրանին մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից լավագույն ստեղծագործությունների մեկտեղումն է:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում ժամանակակից գրող Մելոյի «Երջանկության աղբանոցը» գիրքը: Վարդագույն քաղաքի ավանդապահ համայնքից վտարված և ինքնավտարված «կարգազանց» հերոսները փորձում են նոր կյանք կառուցել քաղաքային գարշահոտ աղբանոցում՝ անվանելով այն «Երջանկության աղբանոց»: Այնտեղ նրանք մի գիշերում ապրում են սիրով և ատելությամբ, հուսալքությամբ ու երազանքներով լեցուն մի ամբողջ կյանք, որն ավարտվում է աքլորի ազդարարած լուսաբացով:

Պարույր Սևակի «Սիրերգություն» խորագրով գիրքը վեցերորդն է: Ժողովածուում ընդգրկված են հայ ականավոր բանաստեղծի՝ սիրո թեմայով գրված ստեղծագործությունները:

Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» յոթերորդն է: Վեպը Պարույր Սևակի մեծ սիրո ամբողջական պատմությունն է:Գրքի համար հիմք են հանդիսացել ոչ միայն բանաստեղծի կյանքի քիչ հայտնի փաստերը,այլև նրա և Սուլամիթա Ռուդնիկի նամակագրությունը,բազմաթիվ նորահայտ վավերագրեր ու գրառումներ:Դրանց մեջ մարդկային կյանքն է՝ բուռն զգացմունքներով,անկումներով ու վերելքներով՝զուգորդված մի շարք իրադարձությունների ու դեպքերի հետաքրքիր բացահայտումներով: 

Վազգեն Սարգսյանի մահվանից շուրջ 20 տարի անց հրատարակվել է նրա «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Այն ութերորդ տեղում է: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:

Արամ Պաչյանի «Օվկիանոս» ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Այն ներառում է արդի հայ երիտասարդական արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Արամ Պաչյանի պատմվածքներն ու էսսեները: Նրա ինքնատիպ ու արդեն ճանաչելի ձեռագիրն այստեղ երևան է բերում նոր կարելիություններ՝ ժանրային, թեմատիկ և այլ մասնավորություններում:

Տասներորդ հորիզոնականում է Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը: Վեպում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի (նրա անունն է) մտորումները։ Տարիներ առաջ բանակից զորացրված հերոսի յուրաքանչյուր քայլ, ժեստ, խոսք, տեսիլք դառնում է բացահայտում, վերադարձ դեպի մեկնակետ, որտեղից հերքվել են իրականության ձևերն ու սահմանումները և բացվել անորսալի, նոր աշխարհներ: Սա չսկսվող և անավարտ արկած է դեպի գեղեցիկը:

Ցանկում այլևս տեղ չեն գտնելու նախկինում «Արմենպրես»-ի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության որևէ մրցանակի արժանացած գրքերը՝ բացառությամբ այն դեպքի, երբ գիրքը նոր հրատարակություն է:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 338
2 0

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ.հրատ 23
3 0

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

հեղ.հրատ 20
4 +1

Համո Սահյան

«Ընտրանի»

Զանգակ 17
5 Նոր

Մելո

«Երջանկության աղբանոցը»

Անտարես 10
6 *

Պարույր Սևակ

«Սիրերգություն»

Նաիրի 9
7 *

Հովիկ Չարխչյան

«Սուլամիթա. Սևակի մեծ սերը»

Անտարես 9
8 *

Վազգեն Սարգսյան

«Էս ի՞նչ եք անում, տղերք»

Վերնատուն 8
9 -1

Արամ Պաչյան

«Օվկիանոս»

Անտարես 7
10 *

Արամ Պաչյան

«Ցտեսություն, Ծիտ»

Դարակ 7

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]