Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը կառավարությունը կհայտարարի ոչ աշխատանքային. ԼՐԱՑՎԱԾ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը կառավարությունը կհայտարարի 
ոչ աշխատանքային. ԼՐԱՑՎԱԾ

ԼՐԱՑՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

«Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովով, որին կմասնակցեն ավելի քան 40 երկրների ղեկավարներ:   Գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը  համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը: 

Օրինագծի առնչությամբ ծավալվեց մտքերի փոխանակություն, հնչեցին մի շարք դիտարկումներ, առաջարկություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է դրույթը առավել նպատակահարմար ձևակերպել և առաջարկեց «չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում» նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝ «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»:

* * *

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման օրերը ` հոկտեմբերի 7-ից կլինեն ոչ աշխատանքային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում:

«2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:

Հաշվի առնելով վերը նշվածը և գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ նպատակահարմար ենք համարում Ֆրանկոֆոնիայի  գագաթաժողովի օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը:

Լրացում. Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություններ է կատարել օրենքի նախագծում՝ լրացնելով այն հետևյալ բովանդակությամբ. 

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող  է աշխատանքային օրերը տեղափոխել: Սույն կարգավորմամբ կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն գործնականում առաջանում եմ նաև այլ դեպքերում ևս աշխատանքային օրերի տեղափոխման օբյեկտիվ անհրաժեշտություն: Մանավորապես, նման անհրաժեշտություն ծագում է, երբ հանրապետությունում կարևորագույն միջոցառումներ են անցկացվում, որին մասնակցում են  պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ: Վերջիններիս անվտանգությունը և պատշաճ տեղաշարժը կազմակերպելու նպատակով սովորաբար  կարիք է լինում փակել գլխավոր փողոցներ, ինչի արդյունքում առաջանում են անհարմարություններ քաղաքացիների համար, քանի որ երթևեկությունը դառնում է ծանր՝ շատ հաճախ ուղեկցվելով խցանումներով:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծի ընդունմամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների այցի դեպքում  վերջիններիս անվտանգությունը և տեղաշարժը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ միաժամանակ նվազեցնելով քաղաքացիներին պատճառվելիք անհարմարությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]