1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էմանուել Մակրոնի առաջին պետական այցին ընդառաջ Երևանում կայացավ նրա գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Էմանուել Մակրոնի առաջին պետական այցին ընդառաջ Երևանում կայացավ նրա գրքի 
հայերեն թարգմանության շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Ֆրանսիայի նախագահը գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում: Նա ներկայացնում է փոփոխվող աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին և Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք առաջին պետական այցին ընդառաջ: Գիրքը հրատարակել է «Newmag» ընկերությունը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհանդեսի ժամանակ նշեց, որ քաղաքական գործչի գրքի թարգմանությունը բավականին հազվադեպ երևույթ է:

«Նման ստեղծագործությունները, որպես կանոն, ներքին օգտագործման համար են, սակայն հայերեն հրատարակությունը շատ բան է ասում երկու երկրների հարաբերությունների մասին: Ֆրանսիական ավանդույթի համաձայն՝ գրքի հեղինակ լինելը քաղաքական գործչի լուրջ հեղինակության ցուցիչ է: Մակրոնի գիրքը նվիրված է իր նախընտրական գործունեությանը և արտացոլում է Ֆրանսիայի իրադարձությունները»,- ասաց Լաքոտը:

Թարգմանությունն իրականացրել է հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը, ում աջակցել են ֆրանսերենի մասնագետներ և պրոֆեսորներ Ժակլին Մինասյանը և Հասմիկ Գրիգորյանը:

Արտակ Հերիքյանը մինչ իր խոսքն ասելը՝ առաջարկեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:

Անդրադառնալով գրքին, հեռուստամեկնաբանն ընդգծեց, որ «Հեղափոխություն»-ը գիրք է պետական ապարատը, քաղաքական համակարգը ներսից փոխելու, կարծրատիպերը կոտրելու մասին:

«Այս գիրքն առաջին հերթին կօգնի բոլորիս ավելի լավ հասկանալ ֆրանկոֆոն աշխարհի մայր պետության՝ Ֆրանսիայի ձգտումները, նպատակներն ու խնդիրները: Ես մեծ հաճույքով եմ կարդացել գիրքը, սակայն խոստովանեմ, որ երբեմն դժվար էր հասկանալ, թե նախագահ Մակրոնն ինչ նկատի ունի: Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գիրքն առաջին հերթին գրվել է  ֆրանսիական լսարանի համար»,- ընդգծեց Արտակ Հերիքյանը և հավելեց, որ մի փոքր գրքին «համահեղինակ» է դարձել, որպեսզի հայ ընթերցողի համար լինի ընկալելի և հասկանալի:

Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը ֆրանսերենով տպագրվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին: Նույն թվականին Ֆրանսիայում այն դարձել է բեսթսելեր . Վաճառվել է ավելի քան 2 մլն օրինակ: Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով:

Գրքի թարգմանությունը և հրատարակումն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ:  «Հեղափոխություն»-ն արդեն իսկ վաճառվում է Երևանի գրեթե բոլոր գրախանութներում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]