1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը Սիրիայի հարցում իր քաղաքականությունը կառուցում է՝ ելնելով իր ազգային շահերից

Հայաստանը Սիրիայի հարցում իր քաղաքականությունը կառուցում է՝ ելնելով իր 
ազգային շահերից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարի պատրաստվում է Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ) գործուղել Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, ականազերծման մասնագետներից և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից՝ ընդհանուր մինչև 100 մասնագետ։ Այս հարցը բազմաթիվ շահարկումների առիթ հանդիսացավ՝ մինչև անգամ մտավախություն հնչեց, որ հայ մասնագետների գործուղումը Սիրիա կարող է լուրջ հարված հասցնել արևմտյան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին: Փորձենք մի քանի կարևոր դիտարկում անել հստակեցնելու համար, թե ինչ առաքելության մասին է խոսքը և ինչ նպատակներ է այն հետապնդում:

Ի՞նչ է ենթադրում ՀՀ հումանիտար առաքելությունը Սիրիայում

Սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է հումանիտար ծրագիր իրականացնել Սիրիայում՝ ընդգծելով, որ այն ռազմական բաղադրիչ չի ունենալու: Հավանաբար, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո նման հայտարարության տարածումը թյուրըմբռնումների պատճառ հանդիսացավ՝ առաջ բերելով տեսակետներ, որ սա ռուսական նախաձեռնություն է, և հայկական առաքելությունը գործելու է ռուսական հրամանատարության ներքո, ինչն էլ, իր հերթին, կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել արևմտյան երկրների հետ Հայաստանի հարաբերություններում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի հակադիր դիրքորոշումները Սիրիայում:

Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցներից մեկում հստակեցրեց, որ հայ մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո, իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ համագործակցությանն այս հարցում, ապա այն սահմանափակվելու է միայն  ռուսաստանյան կողմի հետ գործունեության համակարգմամբ, որն, ի դեպ, զուգահեռ իրականացվելու է նաև սիրիական իշխանությունների հետ: Ռուսական կողմի հետ գործողությունների համակարգումն առավել քան բնական է՝ հաշվի առնելով սիրիական ճգնաժամում Ռուսաստանի դերակատարումը:

Ինչ վերաբերում է արևմտյան երկրների հնարավոր հակազդեցությանը, ապա հայկական կողմը հստակ հայտարարել է, որ հայ մասնագետների տեղակայման հարցը Հայաստանը քննարկել է գրեթե բոլոր գործընկերների հետ, ինչը նշանակում է, որ առաքելության հումանիտար բնույթը ներկայացվել է բոլոր այն շահառու կողմերին, որոնց Հայաստանը նպատակահարմար է գտել: Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ սա մարտական զորախումբ չէ, և հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար հարցերով: Հետևաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ: Այս տեսանկյունից հատկանշական է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ «Միացյալ Նահանգները հասկանում են Սիրիայի հայ բնակչությանն օգնելու Հայաստանի կառավարության ցանկությունը»:

Ինչ վերաբերում է հայ մասնագետների տեղակայման համար անհրաժեշտ իրավական հիմքերին, ապա պետք է նշել, որ Սիրիայի լիազորված գերատեսչությունը համապատասխան խնդրանք է ներկայացրել, որին էլ հայկական կողմն արձագանքել է։ ՀՀ պաշտպանության նախարարը հստակեցրել է, որ գործընթացի իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, ՄԱԿ-ի և դրա մարմինների կողմից Մերձավոր Արևելքին վերաբերվող բազմաթիվ բանաձևերն ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև ՀՀ և Սիրիայի միջև գոյություն ունեցող փոխգործակցության իրավապայմանագրային պարտավորությունները։

Ի՞նչ նպատակներ է հետապնդում մասնագետների խմբի գործուղումը Սիրիա

Հայկական կողմը հայտարարել է, որ հայ մասնագետների՝ Սիրիա գործուղման առաջնային նպատակը հումանիտար խիստ ճգնաժամի մեջ հայտնված Հալեպի հայերին և Սիրիայի հայ համայնքին օժանդակելն է, ինչը բխում է Հայաստանի ազգային շահերից: Հատկանշական է նաև, որ Հայաստանի կողմից նման առաքելության իրականացումը կարող է նաև դրական խորհրդանշական քայլ դիտարկվել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում, ինչը ևս համապատասխանում է ՀՀ ազգային շահերին:

 Պատահական չէ, որ  հայ մասնագետները տեղակայվելու են հենց Հալեպ քաղաքում և գործելու են հիմնականում հայաբնակ շրջաններում: Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Հայաստանը չի կարող Սիրիայում ծավալվող իրադարձությունների նկատմամբ անտարբեր դիտորդի կեցվածք ընդունել:

 Ի վերջո, այս քայլը չի կարող ողջ գործընթացից անջատ ընկալվել: ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության օրակարգային հարցերում Սիրիան և սիրիական հակամարտությունը առաջնային տեղ են գրավում: Դամասկոսի հետ քաղաքական հարաբերությունները պահպանելու և սիրիահայերին օգնելու անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանը պահպանել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում: Ավելին, Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը միակ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունն էր, որը շարունակեց իր գործունեությունը պատերազմական  պայմաններում:

Սիրիական հակամարտության ողջ ընթացքում Հայաստանն իր մասնակցությունն է ունեցել  երկրում մարդասիրական աղետի հաղթահարման գործում՝ այդ թվում նաև պարբերաբար մարդասիրական օգնություն ուղարկելով ոչ միայն հայ համայնքին, այլ նաև Սիրիայի բարեկամ ժողովրդին օժանդակելու համար: Միևնույն ժամանակ, Հայաստանն այս տարիներին ավելի քան 20 հազար փախստական է ընդունել Սիրիայից՝ դառնալով բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ փախստականներ ընդունած երրորդ երկիրը Եվրոպայում:

Հավելենք նաև, որ հայ մասնագետների տեղակայումը Սիրիայում միանշանակ դրական կընկալվի սիրիահայերի շրջանում՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայի 120-140 հազարանոց հայ համայնքը սիրիական հակամարտության հետևանքով գրեթե կիսով չափ կրճատվել է, և երկրում մնացած հայերը հայրենիքի աջակցության կարիքն ունեն:

Այս համատեքստում հատկանշական է նաև հայ մասնագետներին Սիրիա գործուղելու համար ընտրված ժամանակահատվածը: Սիրիական հակամարտության ակտիվ ռազմական փուլն աստիճանաբար իր ավարտին է մոտենում, և Հայաստանի կողմից նման առաքելության տեղակայումը կարող է նոր խթան հանդիսանալ Սիրիայի վերականգնման գործընթացում Հայաստանի հնարավորինս արդյունավետ և շահավետ ներգրավման համար:

Արփինե Հովսեփյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]