Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աշխարհի ժողովուրդներին հայ սերը և հայ սիրտը բաժանող մեծագույն առաջնորդ էր. Տիգրան Մանսուրյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

Աշխարհի ժողովուրդներին հայ սերը և հայ սիրտը բաժանող մեծագույն առաջնորդ էր. 
Տիգրան Մանսուրյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը մեծ ցավով է տեղեկացել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնվավուրի մահվան մասին: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Շառլ Ազնավուրի մահվամբ մեծագույն կորուստ վրա հասավ:

«Մեծագույն կորուստ վրա հասավ, և այլևս մեզ հետ չէ հայ-ֆրանսիական, հայ համաշխարհային երգի ասպետը, ով դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած մինչև այսօր տիրապետող ուժ էր: Նա աշխարհի ժողովուրդներին հայ սերը և հայ սիրտը բաժանող մեծագույն առաջնորդն էր»,-ասաց Տիգրան Մանսուրյանը:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է  60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ. Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ. Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]