Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների 
միություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունից, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը բաց ու անկեղծ զրույց է սկսել մասնավորապես հայ-ռուսական տնտեսական կապերի առկա վիճակից ու բացթողումներից, ինչի մասին շատ անգամ արտահայտվում են չափից ավելի զուսպ վերապահությամբ:

Արսեն  Ղազարյանը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ռուսաստանը միասին պետք է հաղթահարեն համաշխարհային ճգնաժամը և Հայաստանում դրան ածանցյալ մարտահրավերները: Նա կարևորել է առաջիկայում Սոչի քաղաքում կայանալիք ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաև Միության պատվիրակությունը: Նրա գնահատմամբ՝ դա կարևոր հարթակ է նաև միջպետական տնտեսական կապերի զարգացման առումով:

ՀԱԳՄ նախագահը առանձնապես նշել է Հարավկովկասյան երկաթուղու գործունեությանն առնչվող խնդիրները, որ բեռնափոխադրումների գործում հարկավոր է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները և չփոշիացնել նյութական միջոցները: Մասնավորապես, այս մտահոգության վերաբերյալ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոստացել է  դեսպանությունում քննարկել իրավիճակը և աջակցել խնդիրների լուծմանը:

ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը նշել է, որ Հայաստան–ԵԱՏՄ և Հայաստան-Եվրամիություն միաժամանակյա համատեղ գործակցության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանը, ինչը կարող է շահեկան լինել նաև Ռուսաստանի համար:

Խոսելով առանձին թերացումների մասին՝ «Ռուսալ-Արմենալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանը խոսեց հատկապես ամբողջ Եվրոպայում խոշորագույնը այդ ձեռնարկության համար մեծ ծավալով գլանման յուղի՝ Ռուսաստաանից առաքման խաթարումների մասին, ինչը երբեմն ստիպում է նոր մատակարարներ որոնել:

Գործակցության զարգացման առանձին հարցեր կարևորել են նաև ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: Հանդիպումն անցել է բացառիկ անկեղծ մթնոլորտում:

                   








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]