Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի մոտ 200 դպրոցում ֆրանսերենը դասավանդվում է որպես օտար լեզու. տարեցտարի  ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է

Հայաստանի մոտ 200 դպրոցում ֆրանսերենը դասավանդվում է որպես օտար լեզու. 
տարեցտարի  ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տարեցտարի ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ իրականացվում է օտար լեզուների զարգացման հստակ քաղաքականություն:

Հայաստանի մոտ 200 դպրոցում ֆրանսերենը դասավանդվում է որպես օտար լեզու: Այն կարող է լինել երկրորդ կամ երրորդ օտար լեզու:  Ներկայում 40- 45 հազար աշակերտ սովորում է ֆրանսերեն: Նախարարության կողմից մշակվել է օտար լեզուների դասավանդման հայեցակարգ, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր օտար լեզուների զարգացման համար:

Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանում իրականացվում է պիլոտային ծրագիր, որում ընդգրկվել է 10 դպրոց Երևանից, Կոտայքից, Վայոց ձորից, Սյունիքից, Շիրակից, Լոռուց: Դրանցում ներդրվել է ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիր: Դա ենթադրում է, որ ֆրանսերենն, ինչպես ռուսերենը, սկսում են անցնել երկրորդ դասարանից: Այս դպրոցների համար մշակվել են չափորոշիչներ, ծրագիր, ընտրվել են դասագրքեր, որոնք բերվում են Ֆրանսիայից: Արդյունքում 9-րդ դասարանն ավարտելուց հետո երեխաները պետք է ունենան B1 մակարդակ, որը եվրոպական գնահատման համակարգում համարվում է լեզվի միջին իմացություն:

«Թե երեխաներից, թե ծնողներից դրական արձագանք է գալիս: Հետաքրքրություն կա նաև այլ դպրոցների շրջանում: Սա խոսում է այն մասին, որ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրվածությունը մեծանում է: Մեր քաղաքականությունը հետևյալն է, մեր աշակերտները, հայերենը լավ իմանալուց բացի, պետք է հնարավորություն ունենան սովորել այլ օտար լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ կա եռակողմ համաձայնագիր թիվ 119 դպրոցի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ ԿԳ նախարարության միջև: Ըստ դրա, 119 դպրոցի բազայի հիման վրա ստեղծվել է լիցեյ՝ որպես ավագ դպրոց է: Ավարտելուց հետո նրանք ստանում են Հայաստանի ու Ֆրանսիայի ատեստատներ: Երեխաները կարող են Ֆրանսիայի ատեստատով ընդունվել եվրոպական բուհեր: Հաստատությունն արդեն շրջանավարտներ ունի, մի մասն արդեն ընդունվել է այլ երկրների բուհեր: Այս փորձը ևս պետք է ուսումնասիրվի և տարածվի մյուս մարզերում:

Ֆրանսերենի տարածման գործում, ըստ Աշոտ Արշակյանի, կարևոր է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը: Հայաստանը ներգրավվել է տարբեր ծրագրերում և աշխատում է մի քանի ուղղություններով: Դպրոցականները կարող են մասնակցել ամառային ճամբարների, ֆրանսերենի միջազգային օլիմպիադաների, ուսուցիչները կարող են հաճախել վերապատրաստման ծրագրերի: Ամեն տարի մի քանի տասնյակ ուսուցիչ կարողանում է վերապատրաստվել:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կարևորվում է նաև համալսարանական համագործակցությունը: Երիտասարդ հետազոտողները, դասախոսները կարողանում են փորձի փոխանակում իրականացնել, մասնակցել տարբեր ծրագրերի: Այդ համատեքստում ակտիվ աշխատում է Հայաստանի հինգ բուհ՝ Երևանի, Ֆրանսիական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]