Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բնության պետական թանգարանում նշվեց ՀՀ անկախության 27-ամյակը և վերաբացվեց առաջին սրահը

Բնության պետական թանգարանում նշվեց ՀՀ անկախության 27-ամյակը և վերաբացվեց 
առաջին սրահը

ԵՐԵՎԱՆ, 26  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 27-ամյակը նշելու նպատակով Հայաստանի բնության պետական թանգարանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան տոնական միջոցառումներ, որոնք նշանավորվեցին թանգարանի առաջին սրահի վերաբացմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  թանգարանի բարերար Լևոն Ահարոնյանի շնորհիվ 2004 թ.-ին վերաբացվել է 13 տարի չգործող Հայաստանի բնության պետական թանգարանը, և այժմ էլ վերաբացվեց  5 տարի չգործած առաջին սրահը:

Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը իր ելույթում նշեց, որ բոլոր ոլորտներն էլ շատ կարևոր են, սակայն բնության տարրերը, բնապահպանությունը նույնպես շատ կարևոր են: Իսկ այս թանգարանը ինքն իր բնույթով եզակի է. «Երկար տարիներ տարածաշրջանում այն առաջինն էր: Այն մեր երկրում գլխավորն է: Թանգարանը ոչ միայն մեր գեղատեսիլ բնությունն է ցուցադրում իր բազմազանությամբ ու հարստությամբ, այլ նաև յուրաքանչյուրիս ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նման բնություն ունենալը նաև պարտավորեցնող է. պետք է  կարևորենք բնության արժեքը, պաշտպանենք և չվնասենք»: Փոխնախարարը  նախարարության անունից շնորհակալագիր հանձնեց բարերար Լևոն Ահարոնյանին՝ ի նշան երախտագիտության:

Բարերար Լևոն Ահարոնյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու համար. «Ես մանկությունից բնության մեջ եմ մեծացել և սիրել եմ այն: Այսինքն   բնությունը սիրող եմ: Կարծում եմ, որ  թանգարանը պետք է լինի միջազգային, իսկ ես միշտ ձեր կողքին կանգնած կլինեմ»: Լևոն Ահարոնյանին շնորհակալագիր հանձնեց նաև թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը:

Թանգարանի հանրահռչակման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Սամսոնյանն էլ ասաց, որ թանգարանի համար այսօր կրկնակի տոն է. «Հինգ տարի չգործող առաջին սրահը կրկին իր դռները բացեց այցելուների առջև շնորհիվ բարերար Լևոն Ահարոնյանի: Շնորհակալություն ենք հայտնում ողջ անձնակազմի, այցելուների, զբոսաշրջիկների կողմից՝ այս ազգանվեր գործի համար:

ՀՀ մարզերում, քաղաքամայր Երևանում, աշխարհասփյուռ հայության բազմաթիվ գաղթօջախներում շարունակվում են ՀՀ անկախության 27 -ամյակին նվիրված միջոցառումները:

Ցավոք, ծովից ծով Հայաստանից մեզ ժառանգություն մնաց մի տարածք, որն անգամ անզեն աչքով չի նշմարվում համաշխարհային քարտեզի վրա: Սակայն այդ փոքրիկ տարածքն էլ բավական է հասկանալու, թե ինչ հարուստ ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից՝ ժառանգություն, որը ներառում է ուժ, հավատ, սակայն փոքրիկ մի երկիր, որը երբևէ մոռացնել չի տալիս իր մասին:

Եվ հենց այս ուժը և հավատը վերակենդանացրեցին շուրջ 300 տարի պետականություն չունեցող ժողովրդին՝ստիպելով ոտքի կանգնել և 1991թ. սեպտեմբերի 21-ին սեփական շուրթերով աշխարհին հայտարարել Հայաստանի Հանրապետություն անունը: Այն, ինչ այսօր մենք ունենք, իսկապես հայ ժողովրդին նվիրումի, զոհաբերությաան և խիզախության արդյունքն է»: 

Ներկաներին ողջունեցին Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները և փոխտնօրեն Վարազդատ Բալիկյանը. «Ներկա գտնվելով այս միջոցառմանը՝պատիվ ունեմ ներկայացնելու քաղաքական գործիչ, հայ ազատագրական գործի աննկուն մարտիկ և նվիրյալ Արամ Մանուկյանի անունը կրող մարզառազմական դպրոցը: Մեր դպրոցը իր հայրենասիրական դաստիարակությամբ կրթում է այս պատանիներին, ովքեր նախընտրում են դառնալ կոփված և խելացի, ինքնուրույն և պիտանի Հայաստանի Հանրապետությանը»:

Ելույթ  ունեցավ  նաև Կին ազատամարտիկներիի միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը. «Մեծ հաճույք ստացա՝ շրջելով թանգարանի սրահներով: Հիացած եմ և խորին շնորհակալությունս եմ հայտնում պարոն Ահարոնյանին: Սա շատ մեծ նվեր էր ոչ միայն թանգարանի, այլ ողջ հայ ազգի համար: Ուզում եմ նաև շնորհավորել  մեր հայրենակիցներին՝ Անկախության տոնի կապակցությամբ»:

«Հայրենիքի նկատմամբ սերը վառ գույներ է ստանում, երբ շփվում ես մայր բնության հետ: Եվ հենց այդ սերը խթան է հանդիսանում ստեղծագործողի կյանքում՝ իր վրձնի շնորհիվ կտավին կերտելու Հայաստանի չքնաղ բնությունը: Այսօրվա ցուցահանդեսի հեղինակներն են՝Վլադիմիր Սիմոնյանը,Մաքսիմ Գիքինյանը, Էդիկ Արևշատյանը»,- ասաց Գոհար Սամսոնյանը:

Թանգարանում բացվեց «Բնության ներշնչանք» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու գեղանկարիչների աշխատանքներին, որոնց թվում էին գեղանկարիչ  Վլադիմիր Սիմոնյանի «Լճափին» , «Ամառանոցում», Էդիկ Արևշատյանի «Օշական»  Մաքսիմ Գիքինյանի «Արենիում, «Ամարաս» և այլ ստեղծագործությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]