Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուֆենկյան հիմնադրամն Արցախի Կարմիր Շուկա գյուղում տուն է նվիրել Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորին

Թուֆենկյան հիմնադրամն Արցախի Կարմիր Շուկա գյուղում տուն է նվիրել Ապրիլյան 
քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված Մհեր Առաքելյանն այսօր նոր տուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից Արցախի Կարմիր Շուկա գյուղում։ Առանձնատունը գնվել և լիովին վերանորոգվել է հիմնադրամի կողմից իրականացվող «Բնակարանային օգնություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ին տեղեկացրին Թուֆենկյան բարեգործական հիմնադրամից, տան գնմանը և վերանորոգմանը դրամահավաքի միջոցով աջակցել են ավելի քան 100 անձինք ողջ աշխարհից։

35 տարեկան, 2 երեխաների հայր Մհեր Առաքելյանը Արցախի պաշտպանության բանակում ծառայել է ավելի քան 15 տարի։ 2016թ․ ապրիլին, Քառօրյա պատերազմի ընթացքում, Մհերը առաջիններից մեկն է մոբիլիզացվել դեպի առաջնագիծ։ Արցախը պաշտպանելու ընթացքում նա ծանր վնասվածք է ստացել Ջեբրայիլի մոտակայքում և այդ օրվանից բախվել է լրջագույն առողջական խնիրների։ Արդյունքում, Մհերևին հակացուցված է ֆիզիկական ցանկացած աշխատանք, ինչպես նաև տևական ժամանակ կանգնած մնալը։ Շուտով, Մհերը մեկ այլ ծանր վիրահատության կենթարկվի։

Վնասվածքը ստանալուց հետո, երբ Մհերը ստիպված եղավ հեռանալ ծառայությունից առողջական խնդիրների հետևանքով, ընտանիքը հայտնվեց ծանր ֆինանսական իրավիճակում։ Ներկայումս, Մհերի, նրա կնոք, մոր և 2 երեխաների հիմնական եկամտի աղբյուրը զինվորական թոշակն է։ Ավելին, սեփական տուն չունենալու պատճառով ընտանիքը ստիպված էր թոշակի մեծ մասը վճարել տան վարձի համար։

Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ ընտանիքը գրեթե կորցրել էր երբևէ սեփական կացարան ունենալու հույսը, նրանք ծանոթացան Թուֆենկյան հիմնադրամի հետ։ Հիմնադրամը արդեն տներ էր նվիրել 9 վիրավոր զինվորներին։ Մհերի անձնանվեր ծառայության և ընտանիքի դժվարին իրավիճակի մասին տեղեկանալուց հետո հիմնադրամը խոստացավ օգնել այս երիտասարդ ընտանիքին։

Առաքելյանների տան գնման և վերանորոգման համար շուտով նախաձեռնվեց դրամահավաք, որին մասնակցեցին 106 անձիք աշխարհի ամենատարբեր անկյուններից։ Ընդամենը մի քանի շաբաթ անց, առանձնատունն արդեն գնված էր և սկսվել էին վերանորոգման լայնածավալ աշխատանքներ։

Այսօր, ընկերների, հարազատների և հարևանների հետ միասին, Մհեր Առաքելյանի ընտանիքը իրենց նոր, ընդարձակ և լուսավոր տան բնակարանամուտը նշեց իրենց հայրենի Կարմիր Շուկա գյուղում։ Շնորհավորելով ընտանիքին և շնորհակալություն հայտնելով Մհերին հայրենիքին մատուցած ծառայությունների համար, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասաց «Դուք ավելին եք արել Արցախի և ողջ հայության համար, քան մենք երբևէ կարող ենք անել։ Մենք Ձեզ տուն ենք տալիս, իսկ Դուք մեր ազգին տվել եք Ձեր խիզախությունը, զոհաբերել եք Ձեր առողջությունը։ Դուք առավել քան արժանի եք օգնության և երախտագիտության, և մենք պիտի շարունակենք այս աշխատանքը, քանի դեռ մեր զինվորները ունեն այս կարիքը»։

Սա վերջին 2 տարիների ընթացքում Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախի վիրավոր զինվորներին տրամադրված 10-րդ տունն է։ Բնակարանային և առողջական ծանր իրավիճակում գտնվող զինվորների աջակցության այս ծրագիրը սկսվեց 2016թ․ ապրիլին՝ Քառօրյա պատերազմից հետո։ Այդ օրից ի վեր, հիմնադրամը տներ է գնել, կառուցել կամ վերանորոգել վիրավոր զինվորների 10 ընտանիքների համար՝ Արցախի տարբեր շրջաններում։

Չնայած ի սկզբանե ծրագիրն ուղղված էր Ապրիլյան պատերազմի մասնակիցների աջակցությանը, դրա շրջանակը հետագայում ընդլայնվեց՝ ներառելով բոլոր այն զինվորներին, ովքեր վիրավորվել են Արցախի պաշտպանության համար պայքարելիս։ Մինչ այժմ, ծրագրում ընդգրկվել են 1990-ականների Արցախի ազատագրական պայքարին մասնակցած 3 ազատամարտիկներ։

Ծրագրի միջոցով կացարաններ ստացած բոլոր 10 զինվորները ապրում էին ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում․ նրանք կամ չունեին սեփական բնակարաններ կամ բնակվում էին խարխուլ, անբարեկարգ տներում, որոնք վնասակար էին իրենց երեխաների առողջության և բարեկեցության համար։ Ավելին, մարտի դաշտում ստացած վնասվածքների պատճառով այս զինվորները ի վիճակի չէին վերանորոգել իրենց բնակարանները կամ աշխատել նորը ձեռք բերելու համար։

Ինչպես այս զինվորներից շատերի, այնպես էլ Մհեր Առաքելյանի համար սեփական տուն ունենալը դարձել էր մեծ երազանք, որն այլևս իրականություն է։

Չնայած 2016 թվականի արտակարգ իրավիճակն անցյալում է, Արցախի զինվորների բնակարանային կարիքները դեռևս լուծված չեն: Հաշվի առնելով նմանատիպ օգնության կարիք ունեցող վիրավոր զինվորների թիվը, հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]