Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել նաև նախկինում հեռախոսազրույցների գաղտնալսման դեպքերը

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկման առարկա 
դարձնել նաև նախկինում հեռախոսազրույցների գաղտնալսման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովում քննել նաև նախկինում եղած գաղտնալսումները:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բագրատյանը նման առաջարկով հանդես եկավ հանձնաժողովի երկրորդ նիստում:

«Հանձնաժողովի քննարկման առարկա պետք է դարձնենք նաև նախկինում եղած նմանատիպ դեպքեր, կոնկրետ՝ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնալսումը։ Կարծում եմ՝ եթե նախկինում լիներ քննություն և պարզեին, ապա դա նախադեպ կլիներ նման դեպքեր չկրկնելու համար: Եթե հանձնաժողովի քննության առարկան երկրի անվտանգության նկատմամբ մտահոգությունն է, պետք է այդ նախադեպը ևս քննենք»,-ասաց Բագրատյանն ու առաջարկեց քվեարկության դնել այդ հարցը:

Արփինե Հովհաննիսյանը նկատեց՝ նրա ասած հարցը ընդունելի է, և կարող է դառնալ քննարկման առարկա, սակայն քվեարկության անհրաժեշտություն չտեսավ:

Բագրատյանը կարևոր համարեց ֆիքսել նաև, որ հանձնաժողովի աշխատանքը քաղաքական նպատակներ չի հետապնդում: Եվ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ձևավորված եզրակացությունը չի օգտագործվելու քաղաքական նպատակներով՝ հաշվի առնելով երկրի անվտանգության խնդիրները:

ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը ևս նկատեց՝ երբ խոսում են հեռախոսային զրույցների գաղտնիությունը խախտելու փաստի մասին, ապա այն ավելի համակենտրոն թեմա է, քան կարող է լինել մեկ գաղտնալսման տիրույթում:

ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը համամիտ է, դա կարգավորված է, դրան անդրադառնալու կարիքն անգամ չկա: «Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության մեջ մենք դա ֆիքսել ենք: Կոնկրետ առաջարկներ կարող եք անել, բայց դա չի կարող հակասել նախաձեռնող տեքստի բովանդակությանը»,-նշեց Կոստանյանը:

ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողով» ստեղծելու համար: Ստեղծված հանձնաժողովը քննելու է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները: Հանձնաժողովի առաջին նիստը կայացել էր սեպտեմբերի 19-ին: Դրա կազմում են ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից՝ Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]