Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մանե Ադամյանը հայկական ապրանքները ԵՄ արտահանման հարցում լաբորատորիաների վերազինման խնդիր է տեսնում

Մանե Ադամյանը հայկական ապրանքները ԵՄ արտահանման հարցում 
լաբորատորիաների վերազինման խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նախատեսում է Եվրամիության հետ համագործակցության շրջանակում միջոցներ ներդնել վերազինելու ապրանքների փորձաքննության լաբորատորիաները, ինչը հնարավորություն կտա բավարարել տարատեսակ չափանիշները եվրոպական երկրներ հայկական ապրանքներ արտահանելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Նոր գործարար հնարավորություններ` Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/ CEPA) իրականացման շրջանակներում» թեմայով միջոցառումից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

«Ցանկանում ենք այնպես անել, որ մեր համագործակցության փաթեթում ընդգրկենք միջոցներ, որպեսզի կարողանանք վերազինել լաբորատորիաները և դրա արդյունքում բավարարել տարատեսակ չափանիշները, և կարողանանք անդամակցել տարատեսակ ակրեդիտացիոն կառույցների, ինչն իր հերթին հնարավորություն կստեղծի բիզնեսի համար ավելի հեշտ արտահանել ապրանքը»,- ասաց Ադամյանը:

Նրա խոսքով` հայ գործարար շրջանակների կողմից տարատեսակ խնդիրներ են բարձրաձայնվում իրենց ապրանքների արտահանման հարցում:

«Օրինակ` կան մատչելի վարկային միջոցներ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, որը պետք է բիզնեսին տա հնարավորություն ավելի հասանելի և մատչելի վարկեր ստանալ իրենց ձեռնարկությունների ընդլայնման, նոր գործ սկսելու համար և այլն: Բարձրաձայնվում են տարբեր հարցեր գործարարների կողմից, որոնք իրականում այնքան էլ հասանելի չեն, որովհետև կան խնդիրներ: Այս միջոցառմանը ցանկանում ենք խոսել խնդիրների մասին և վերաձևել այն բոլոր ծրագրերը, որոնք ապագայում ունենալու ենք ԵՄ գործընկերների հետ և ուզում ենք այդ գործընթացում այնպես անել, որ մեր բիզնեսի կարիքները ավելի թիրախային ընդգրկվեն ծրագրերի մեջ»,- ասաց Ադամյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը նաև հավելեց, որ Հայաստանը  GSP+ համակարգի շրջանակում հնարավորություն ունի արտոնյալ պայմաններում 6200 տեսակ ապրանքներ արտահանել Եվրոպա, սակայն դեռևս ընդամենը  1000 տեսակ ապրանքներ են արտահանվում:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության  բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը:

Միջոցառման նպատակն է Հայաստանի և Եվրամիության գործարար շրջանակներին ներկայացրել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում գործարարներին ընձեռվող նոր գործարար հնարավորությունները և  առավելությունները:

ՀԸԳՀ-ն համապարփակ համաձայնագիր է` ուղղված ԵՄ-Հայաստան համագործակցության մակարդակի բարձրացմանն ու շրջանակի ընդլայմանը: Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակի, ինչպես նաև  Համագործակցության և Գործընկերության համաձայնագրի համեմատությամբ` վերջինս էլ ավելի է բարելավում երկկողմ առևտրի պայմանները:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են գործարար հանրության համար կարևոր մի շարք թեմաներ, այդ թվում` ծառայությունների ոլորտում երկկողմ առևտրի ազատականացումը:

Այն ավելի կհստակեցնի Եվրամիության և Հայաստանի գործարարների, ներդրողների և ծառայություն մատուցողների գործունեությունը և կբարելավի առևտրային միջավայրը, նաև բարենպաստ պայմաններ կստեղծի միջսահմանային ներդրումների ավելացման համար:

Քննարկումներ եղան նաև պետական գնումների ոլորտում շուկայի փոխադարձ հասանելիության ապահովման վերաբերյալ: Գնումների մասին համաձայնագրի կանոնները կկիրառվեն մեկ միասնական համացանցային պորտալի միջոցով մրցույթների հրապարակման և վերանայման ընթացակարգերի թարմացման պարագայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]