Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Շուշիում Սեդրիկ Մարտենին նվիրված ցայտաղբյուր է բացվել. պետնախարարն ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» կազմակերպության պատվիրակությանը


ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Դոմինիք Պրիվային և «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության պատվիրակությանը՝ Ժակ Մաթոսյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը նշել է, որ և Արցախի իշխանությունները, և բնակիչները երախտագիտությամբ են հիշում «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի հիմնադիրներ Ժակ և Դանիել Մարտեններին՝ հայտնելով իր ցավակցությունները Ժակ Մարտենի անժամանակ մահվան կապակցությամբ: Նա հաջողություններ է մաղթել հիմնադրամի տնօրենի պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելած Դոմինիք Պրիվային՝ հավաստիացնելով, որ Արցախի կառավարությունը մշտապես պատրաստակամ է հետագա համագործակցության համար: Անդրադառնալով Շուշիում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սեդրիկ Մարտենի հիշատակին բացվող ցայտաղբյուրին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախի կառավարությունը այս ձևով իր շնորհակալությունն է հայտնում Մարտեն ընտանիքին՝ անցած տարիների ընթացքում Արցախի ավելի քան մեկ տասնյակ գյուղերի խմելու ջրի խնդիրը լուծելու համար:

«Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի տնօրեն Դոմինիք Պրիվան Արցախի կառավարությանը Մարտեն ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար և նշել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը երկար կյանք կունենա: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում ավարտել է ներքին ջրատարի կառուցումը և սեպտեմբերի 27-ին այն շահագործման կհանձնվի:

Իր հերթին «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության ղեկավար Ժակ Մաթոսյանը նշել է, որ Արցախի կառավարությունը իրենց համար վստահելի գործընկեր է, և ապագայում ևս շարունակելու են ջանքեր գործադրել նոր միջոցներ ներգրավելու և տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համագործակցության խորացման և ծրագրերի ընդլայնման շուրջ:

Նշենք, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու: Հիմնադրամը շուրջ 11 տարում համաֆինանսավորել է Արցախի 13 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները՝ բարերար Ժակ Մաթոսյանի ակտիվ աջակցությամբ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ