Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա անվճար դիտել չեխական և չեխոսլովակյան ֆիլմեր

Հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա անվճար  դիտել 
չեխական և չեխոսլովակյան ֆիլմեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հանդիսատեսը սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը առաջին անգամ հնարավորություն կունենա ակնդրելու չեխական և չեխոսլովական կինոն Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանում Չեխիայի դեսպանատնից:

Չեխական և չեխոսլովակ կինոյի օրերի կազմակերպման առիթը Չեխոսլովակիայի անկախության հռչակագրի 100-րդ տարեդարձն է։ Ֆիլմերի ընտրությունը պայմանավորված է հենց այս տարեդարձով, և դրանք ոչ միայն կինոարվեստի գլուխգործոցներ են, այլև պատմական այն իրադարձությունների վկայությունները, որոնց միջոցով Չեխոսլովակիան, իսկ հետագայում՝ Չեխիան, ստիպված են եղել անցնել։

Կինոյի օրերը կմեկնարկեն սեպտեմբերի 27-ին՝ «Մասարիկ» կենսագրական ֆիլմով՝ Յան Մասարիկի մասին, ով եղել է Արտաքին գործերի նախարար և Չեխոսլովակիայի առաջին նախագահի որդին։ 2016թ. թողարկված այս ֆիլմը, որը հաղթել է Չեխական կինոյի բազմաթիվ մրցանակներ՝ ամենատարբեր անվանակարգերում, նկարագրում է Յան Մասարիկի կյանքի երեք տարիները (1937-1939թթ.)՝ անհանգիստ պատմական ժամանակաշրջանի ֆոնին։ Մինչ նրա անձնական կյանքը հասարակության շրջանում շատերի զարմանքն էր հարուցում, Մասարիկը իր կյանքի ավելի ուշ շրջանում պայքարում է ֆաշիզմի և կոմունիզմի դեմ։ Երբ նա 1948թ. վախճանվեց, այդպես էլ չպարզվեց և մինչ օրս էլ անհայտ է՝ արդյոք նա ինքնասպանություն է գործել թե սպանվել է իր հակառակորդների կողմից։

Միջոցառմանը ցուցադրվող այս առաջին ֆիլմին կհաջորդեն մի շարք ֆիլմեր, որոնք, չնայած իրենց թողարկման տարեթվին, որևէ կերպ չեն կորցրել իրենց որակն ու արդիականությունը։ 1937թ-ին նկարահանված «Սպիտակ հիվանդություն» ֆիլմը երևակայական երկրի մասին է, որը հիշեցնում է նացիստական Գերմանիան, որտեղ անհայտ ծագմամբ հիվանդությունը կանգնեցնում է մի բժշկի, ով գիտի՝ ինչպես բուժել հիվանդությունը, մի բարդ երկընտրանքի առջև պե՞տք է արդյոք բուժել բոլոր հիվանդներին հավասարապես, երբ հզոր Մարշալը պատրաստվում է պատերազմի։ 1968թ-ի «Դիակներ հրկիզողը» ֆիլմը, կարելի է ասել, գտնվում է սև կատակերգության և սարսափի ժանրերի եզրագծին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի խելագար դիակներ հրկիզող հավատում է, որ հրկիզումը ազատում է աշխարհիկ տառապանքներից, և որոշում է այդպիսով փրկել աշխարհը։ 1970թ-ին նկարահանված «Ականջը» ֆիլմը ներկայացնում է 1950-ականները, երբ իրադարձությունների ընթացքը ստիպում է մի բարձրաստիճան պաշտոնյայի և իր կնոջը հավատալու, որ իրենց իսկ կառավարությունը հետևում է իրենց։ 1996թ-ին արտադրված «Գողտրիկ անկյուն» ֆիլմը քաղցր ու թախծոտ կատակերգություն է, որը տեղի է ունենում Պրահյան գարնան տարեթվին՝ 1968թ-ին։ Մի ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները և տարաձայնությունները ցույց են տալիս ազատության և կոմունիստական համոզմունքների միջև գոյություն ունեցող լարվածությունը՝ խորհրդային ուժերի՝ Չեխոսլովակիա ներխուժման նախօրեին։

Չեխիայի դեսպանատունը հրավիրում է բոլոր կինոդիտողներին ակնդրելու այս ֆիլմերը «Մոսկվա» կինոթատրոնում՝ անվճար։ Բացման ֆիլմը կցուցադրվի ժամը 19։00-ին, իսկ մյուս ֆիլմերը՝ 18։30-ին։ Բոլոր ֆիլմերից առաջ կցուցադրվի փոքրիկ վավերագրական տեսաֆիլմ՝ Չեխոսլովակիայի կազմավորման մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]