Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

ԵՄ-ն իրավասու Է բիզնես վարել Իրանի հետ, չնայելով ԱՄՆ-ի քաղաքականությանը. Մոգերինի


ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն օրինական իրավունք ունի բիզնես վարել եւ առեւտրական հարաբերռություններ ունենալ բոլոր պետությունների, ներառյալ Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի քաղաքական որոշումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին CNN ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել Է սեպտեմբերի 25-ին:

«Միացյալ Նահանգները չի կարող իր քաղաքական որոշումները պարտադրել ինքնիշան երկրներին ու կազմակերպություններին»,- նշել Է նա: «Եվրոպացիներն օրինական իրավունք ունեն որոշելու՝ ում հետ բիզնես ու առեւտուր վարել, եւ դա այն Է, ինչ մենք անում ենք»,- ընդգծել Է եվրոպական դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ հարցին: Մոգերինին նաեւ հիշեցրել Է, որ ԵՄ-ն Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ պետությունների հետ մշակում Է մեխանիզմներ, որոնք «կերաշխավորեին Իրանի հետ առեւտուրը շարունակելու հնարավորությունը»՝ անկախ Թեհրանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներից: Նրա խոսքով՝ նման մեխանիզմների տեխնիկական մանրամասները ներկայում համաձայնեցվում են:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրած հինգ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, սեպտեմբերի 24-ին վերահաստատել են հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների կատարմանը, ինչի մասին ասված Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարության մեջ:

Դրանում նշվում Է, որ նիստի մասնակիցները հաստատեցին Իրանի հետ գործարար կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը, որոնք վերաբերում են նաեւ Իրանի կողմից նավթի ու գազի արտահանմանը: ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պայմաններում նիստի մասնակիցներն անհրաժեշտ են համարել ապահովել Իրանի հետ գործարար կապեր իրականացնող ընկերությունների պաշտպանությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ