Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Նիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր


ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ համընդգրկուն աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, նշել է, որ ձայների ավելի քան 80 տոկոսը քվեարկել է «Իմ քայլ»-ը դաշինքի օգտին, ինչը նշանակում է նաև հասարակությունը կողմ է քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին: Վարչապետը հավելել է նաև, որ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ, իսկ պարտություն կրած մյուս քաղաքական ուժերը շնորհավորել են հաղթանակ տարած քաղաքական ուժին, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ է Հայաստանում և կարող է դառնալ քաղաքական լավ մշակույթ: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարել քաղաքական մյուս ուժերի հետ:

Յոհաննես Հանը նշել է, որ Եվրամիությունը հետևողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակում նպաստելով մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, օժանդակելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը: Յոհաննես Հանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետևողական օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ