Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները

 Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմաններին մի քանի ամիս պահպանվող հարաբերական հանգիստ վիճակը վերջին շրջանում փոխակերպվեց նոր լարվածության: Այն, ըստ էության, ուղեկցվում էր նախկինում հակառակորդի կողմից կիրառված «պայքարի բոլոր մեթոդներով»՝ հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացում, դիպուկահարների ակտիվացում, քաղաքացիական անձանց և օբյեկտների նկատմամբ կրակ, դիվերսիոն ներթափանցման փորձ և այլն: Հատկանշական է, որ հայկական կողմը, ինչպես նախկինում, բավական վճռական է գտնվել ադրբեջանական սադրանքների նկատմամբ՝ տալով հուժկու, որոշ դեպքերում` ոչ համաչափ պատասխան, որն, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, հակառակորդին զսպելու և սթափեցնելու միակ արդարացված տարբերակն է:

Սահմանային լարվածության պարբերական աճը, որքան էլ ցավալի է, արդեն վաղուց դարձել է սովորական: Սակայն, սահմանային լարվածության ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս «փուլը» թերևս ունի իր հիմքերը, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը:

Ադրբեջանում տարեսկզբին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններով, այնուհետև Հայաստանի ներքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն օբյեկտիվորեն պասիվացել է: ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ունեցել են միայն մեկ հանդիպում, (հուլիսի 11-ին՝ Բրյուսելում), որն, ըստ էության, կրում էր ճանաչողական բնույթ: Հաշվի առնելով ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տրամաբանության վերականգնմանն ուղղված հայտարարությունները (Արցախի վերադարձը բանակցային սեղան)՝ ադրբեջանական կողմը փորձում է մեծացնել հայկական կողմի վրա ճնշումը՝ բանակցային գործընթացում փորձելով հասնել վերադիրքավորման: Բաքվի կողմից սահմանային լարվածության սանձազերծումը, պատերազմ չսկսելը՝ որպես զիջում ներկայացնող հայտարարությունները, ռազմաշունչ հռետորաբանությունը ընդհանուր առմամբ ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք՝ հայկական կողմից զիջումներ կորզելու ակնկալիքով, իսկ կարճաժամկետ կտրվածքով՝ ճնշման մեծացում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ սեպտեմբերի 26-ին նախատեսվող հանդիպմանն ընդառաջ: Բաքվի այս գործելաոճը նոր չէ, սակայն այսօր այն առավել քան անարդյունավետ է՝ հաշվի առնելով Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա աննախադեպ կոնսոլիդացիան:

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից նման ապակառուցողական քայլերն ինչ-որ առումով նաև «շանտաժ» և մարտահրավեր են՝ ուղղված միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Տարիներ շարունակ Ադրբեջանի սադրանքներն անտեսելը կամ ոչ համարժեք գնահատականներն այսօր ստեղծել են մի իրավիճակ, երբ Ալիևի մակարդակով մի քանի անգամ հայտարարվում է Երևանի նկատմամբ հավակնությունների մասին: Չնայած իր ողջ աբսուրդությանը՝ սա է իրականությունը, և վաղուց արդեն կարիք կա, որ համանախագահները վերագնահատեն այն՝ համարժեքորեն արձագանքելով Բաքվի ապակառուցողական քաղաքականությանը, որը սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության (մասնավորապես՝ ՀՀ սահմաններին) մեծացումը կարելի է դիտարկել նաև որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ և ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակից դիվիդենտներ քաղելու փորձ: Չենք կարող բացառել, որ ադրբեջանական կողմն ակնկալում էր, որ վերոնշյալ գործոններով պայմանավորված՝ ՀԱՊԿ-ը ձեռնպահ կարող է մնալ սահմանային լարվածության հետ կապված հայտարարություններից, ինչն էլ կդառնար Հայաստանի և կառույցի/կառույցի անդամների միջև հակասությունների նոր առիթ: Այդ ակնկալիքները, սակայն, չարդարացան, և ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության հիման վրա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 21-ին հանդես եկավ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը քննադատող հայտարարությամբ:

Սահմաններում իրավիճակի սրման հնարավոր պատճառների շարքում պետք է դիտարկել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից սեփական հանրությանը արտաքին թշնամու կերպարի շուրջ կոնսոլիդացնելու ձգտումը՝ շեղելով նրան ներքաղաքական խնդիրներից: Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետ կապված ադրբեջանական հանրային շրջանակների դրական արձագանքներն ու գնահատականները՝ ալիևյան կլանը որպես մարտահրավեր է դիտարկում հեղափոխական ալիքի հնարավոր տարածումը նաև Ադրբեջանում: Նման մարտահրավերների չեզոքացման համար կրկին գործի է դրվում տարիներ շարունակ բավական արդյունավետ կիրառված մեխանիզմը՝ սահմաններում իրավիճակի լարում՝ ուղեկցվող հակահայկական քարոզչությամբ:

Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերի ակտիվացման հիմքում չենք կարող բացառել նաև այլ հնարավոր պատճառների առկայությունը: Այնուամենայնիվ, ակնհայտ է մեկ բան՝ ադրբեջանական այս գործելաոճին հակադարձելու միակ արդյունավետ եղանակը ՀՀ և Արցախի Զինված ուժերի, ինչպես նաև հայկական դիվանագիտության ներդաշնակ աշխատանքն է: 

Նարեկ Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]