Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է «Սպորտ Կաբ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է «Սպորտ Կաբ» 
գիտահետազոտական նորարարական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում սեպտեմբերի 25-ին բացվել է եզակի սարքավորումներով հագեցած «Սպորտ Կաբ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գիտահետազոտական նորարարական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի իրականացրած «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Կենտրոնի բացմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, պետական այլ գերատեսչությունների և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

«Սա այն է, ինչ նոր կառավարությունը և ԿԳՆ նոր ղեկավարությունը ցանկանում են, այսինքն, որ բուհերը վերածվեն նաև գիտահետազոտական կենտրոնների: Եվ այս սարքավորումները դա թույլ են տալիս անել՝ հետազոտել մարզիկին տարբեր պարամետրերով, կատարել շտկումներ և բարելավել նրանց արդյունքները»,- կենտրոնի բացմանն իր տպավորություններն է փոխանցել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ նորաբաց կենտրոնը կօգնի բարձրացնել մարզիկների ցուցանիշները և բուհի վարկանիշը: Լրագրողների խնդրանքով Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հանրակրթական դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման խնդիրներին:

«Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է ֆիզկուլտուրայի զարգացման տարբեր մոդելներ, քանի որ այսօր դրանք որոշ չափով անարդյունավետ են, այդ թվում՝ նաև կապված դպրոցներում համապատասխան հզորությունների կամ դրանց բացակայության հետ: Ներկայումս կառավարությունը գույքագրում է իր բոլոր հնարավորությունները՝ դահլիճները, մարզական սրահները և այլն, որպեսզի օպտիմալ տարբերակներ առաջարկի՝ օգտագործելով այն ռեսուրսները, որ ունի, օրինակ, տվյալ համայնքը՝ տվյալ մարզաձևի առումով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ խրախուսվելու է նաև մարզական խմբակների ստեղծումը:

«Սպորտ Կաբ» կենտրոնի բացումը ինստիտուտի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է, այն է` արդիականացնել և կատարելագործել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտային բժշկության բնագավառում իրականացվող գիտական հետազոտությունները` ըստ առաջնային և նպատակային ուղղությունների: Ծրագիրը նախատեսում է համագործակցության իրականացման նոր մոդել մարզաձևերի ֆեդերացիաների, հավաքական թիմերի, մարզական և այլ շրջանակների հետ, որոնք բացառիկ հնարավորություն կունենան կենտրոնում իրականացնել հետազոտական աշխատանքներ, վերաչափել մարզիկների պատրաստվածությունն ու ուժերը մարզական կարևորագույն ստուգատեսներից առաջ:

Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախարարը կարևորել է բուհերի միջազգայնացման հարցը՝ հորդորելով ակտիվություն ցուցաբերել օտարերկրյա ուսանողների ներգրավման գործում: Ըստ նախարարի՝ նման հնարավորություններ ՀՀ բուհերն ունեն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի հավատարմագրման գործընթացին, որակի ապահովման գործում բուհերի հետազոտական բաղադրիչին, դպրոցներում ուսուցչի որակավորում չունեցող «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդողներին առնչվող այլ խնդիրների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]