Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի նվազեցման հարց երկու կողմերը դեռ չեն քննարկում

ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի նվազեցման հարց երկու կողմերը դեռ չեն քննարկում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման մասին խոսելը դեռ շուտ է, սակայն հարցը ներառված է երկկողմ հարաբերությունների օրակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսամիացման ընթացքում ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Գազի ու էներգետիկայի խնդիրը հայ-ռուսական օրակարգի հիմնական հարցերից մեկն է։ Գազի հետ կապված հարցերը մշտապես մեր երկկողմ քննարկման տիրույթում են։ Այսօր դեռ շուտ է խոսել գների նվազեցման մասին։ Եթե լինեն փոփոխություններ, մեր հասարակությունն, իհարկե, կիմանա այդ մասին»,- ասաց նա:

Տեսամիացման ժամանակ մինսկցի լրագրողները Գասպարյանից հետաքրքրվեցին` արդյոք Հայաստանի Հանրապետությունը քայլեր կձեռնարկի՞, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանն նվազեցնի օտարերկրյա փոխադրողների համար սահմանված սակագները: 

«Զվարթնոց» օդանավակայանը մասնավոր է, բայց մենք քննարկում ենք գնային քաղաքականության հարցը Քաղավիացիայի պետական կոմիտեի հետ ու փորձում լուծել այն: Հուսով եմ, կարճ ժամանակում կկարողանանք այդ խնդիրը լուծել, որովհետև նաև հետաքրքրված ենք Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ, որի շահերը համընկնում են գների իջեցման հետ»,- նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը:

Բելառուս լրագրողներին հետաքրքրեց նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է իրենց աջակցել Մեղրիի տարածքով Իրանի հետ համագործակցության հարցում:

«Եթե մեր բելառուս գործընկերները ցանկանում են առևտրաշրջանառություն սկսել Իրանի հետ, մենք պատրաստ ենք եռակողմ քննարկել այդ հարցերը: Իրանը մեր հարևանն է, որի հետ ընկերական հարաբերություններ ունենք, և այդ հարցում խնդիր չենք տեսնում»,- ասաց Գասպարյանը:

 Վարչապետի գլխավոր խորհրդականը նշեց, որ Հայաստանը նաև Ղազախստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության մեծ հեռանկար ունի, որն էլ պետք է օգտագործել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]