Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործության համար քրեական հետապնդման է ենթարկվել 3.5 անգամ ավելի անձ

Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործության համար քրեական հետապնդման 
է ենթարկվել 3.5 անգամ ավելի անձ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ընթացիկ ուսումնասիրությունները փաստում են, որ 2018 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործու­թյունների վերաբերյալ հաղորդումներով նա­խա­պատրաստված 71 նյութերից 55-ով հարուցվել են քրեական գործեր։ Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2017 թվականի ողջ տարվա ընթացքում մարզի վարչական տարածքում նախապատրաստվել են 41 նյութեր, որոնցից միայն 18-ով է հարուցվել քրեական գործ: Այսինքն այս տարվա միայն ութ ամիսների ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն աճել է 37-ով կամ  67 %-ով, ինչին զուգահեռ, ի դեպ, նվազել է մերժված նյութերի թիվը: Նախորդ տարվա մերժված 23 նյութերի դիմաց հաշվետու ժամանակահատվածում մերժվել են 14 նյութ։

Հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով մարզի դատախազության դատախազների հսկողության կամ դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 12-ը՝ 20 անձի վերաբերյալ (նախորդ տարի՝ 4 գործ՝ 7  անձի վերաբերյալ):

Այս տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում արձանագրվել է քրեական գործերի ոչ միայն քանակական, այլ նաև որակական աճ, ինչը ապահովվել է դատախազական ակտիվ և նախաձեռնողական հսկողության ներքո լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ մեղադրանքների ապացույցների լիարժեքությունն ապահովելու հարցում ցուցաբերված հետևողականության արդյունքում։

Ընդ որում, ընթացիկ տարում էականորեն աճել է նաև կոռուպցիոն բնույթի քրեական գործերով այն անձանց թիվը, ում նկատմամբ հարուցվել և իրականացվել է քրեական հետապնդում: Մասնավորապես` 2018 թվականի ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել  73 անձանց նկատմամբ, այն դեպքում, երբ ողջ 2017 թվականի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը կազմել է 20:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ առերևույթ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել հետևյալ ոլորտները ներկայացնող անձանց կամ պաշտոնատար անձանց նկատմամբ.  

Բնապահպանական գործունեության ոլորտում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող մասնաճյուղերի 8 անտառապետերի և անտառապահների, կրթության ոլորտում՝ նախադրպոցական ուսումնական հաստատության 4 տնօրենի և հանրակրթական ուսումնական հաստատության 6 տնօրենի, տեղական ինքնակառավարման ոլորտում՝ Լոռու մարզի Ձյունաշող, Միխայլովկա, Մեծավան, Ծաղկաշատ, Արևածագ,  Շնող, Օձուն, Մեծ Այրում, Սվերդլով, Ղուրսալի, Մեծ Պարնի, Ջրաշեն, Վահագնի համայնքների ղեկավարների, ինչպես նաև Վահագնի համայնքի ղեկավարի տեղակալի, սոցիալական աջակցության և սոցիալական ապահովության ոլորտում՝ սոցիալական գործակալության 1 պետի, գործակալության 7 մասնագետների, ինչպես նաև Հայփոստ ՓԲ ընկերության թվով 18 ծառայողների, զբաղվածության կենտրոնի 1 մասնագետի, առողջապահության ոլորտում՝ 1 բուժաշխատակցի, հուշարձանների պահպանության ոլորտում՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետի, առևտրային կազմակերպության մասնաճյուղի 1 ղեկավարի և 2 աշխատակցի, սնանկության գործերով 1 կառավարչի, բանկային ոլորտում՝ ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի 1 կառավարչի, մարզպետարանի իրավաբանական բաժնի 1 պետի, հարկային ոլորտում՝ 6 տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի։

2018 թվականի ութ ամիսների ընթացքում ավարտված նյութերով և քրեական գործերովպատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 98.5 մլն ՀՀ դրամը (20․8մլն ՀՀ դրամը՝ իրավաբանական անձանց, իսկ 77․6մլն դրամը՝ պետական գույքին պատճառված վնասը)։ Հարկ է ընդգծել, որ միայն մեկ քրեական գործով՝ խարդախությամբ հափշտակված գումարի չափը քննության ներկա փուլում կազմում է շուրջ 587 մլն ՀՀ դրամ, որից այս պահի դրությամբ վերականգնվել է  27.515.500 ՀՀ դրամը: Մնացած մասով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալների գույքի վրա կալանք դնելու որոշում է կայացվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]