Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պետնախարարը Երևանում այցելել է առաջատար մի շարք ընկերություններ, մասնակցել «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին

Պետնախարարը Երևանում այցելել է առաջատար մի շարք ընկերություններ, մասնակցել 
«Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Երևանում աշխատանքային այցելություններ է կատարել մի շարք խոշոր ընկերություններ, ապա մասնակցել «Առաջնորդության դպրոցի» կազմակերպած «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարի առաջին այցելությունը եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից ֆոտոխմբագրման աշխարհի ամենամեծ հավելվածներից մեկի՝ «Պիկսարտի» գրասենյակ, որտեղ ընկերության պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է մեքենայական ուսուցման, դիզայնի և մասնագիտացված այլ ուղղություններում իրականացվող աշխատանքներին։ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն այլընտրանք չունի և շատ ուրախ կլինի, եթե այդ հարցում ակտիվ ներգրավվածություն ունենան ՀՀ-ում գործող ոլորտային ընկերությունները։ Նա նշել է, որ Արցախի կառավարությունը պատրաստ է այդ հարցում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ընդգծելով, որ առաջիկայում նախատեսում են օրենսդրական արտոնությունների սահմանման առաջարկներ ներկայացնել ՏՏ ընկերությունների գործունեության համար։ Այցի ավարտին պետնախարարը գրառում է կատարել ընկերության պատվավոր հյուրերի պատին։

Պետնախարարի գլխավորած պատվիրակության հաջորդ կանգառը եղել է «Ջրվեժի ինժեներական քաղաքում», որտեղ հանդիպում է եղել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և «Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանի հետ։ Պետնախարարը շրջայց է կատարել, տարածքում, ծանոթացել գործող ընկերությունների աշխատանքներին, նրանց ղեկավարների հետ մտքեր փոխանակել Արցախում ինժեներական գործի զարգացման հեռանկարների մասին։ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախում ավանդաբար զարգացած են եղել բնական գիտությունները, և ներկայումս ոլորտի զարգացման համար միջավայրի ստեղծման խնդիր կա։ Այս առումով նա հայտնել է Արցախի կառավարության պատրաստակամությունը համագործակցության ստեղծման և ծրագրերի իրականացման համար։ Այցի ընթացքում պետնախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև «Տիեզերքի» և «Գիտության և տեխնոլոգիայի» թանգարաններում, որտեղ ծանոթացել է տարբեր ժամանակների հայ մեծանուն գիտնականների ներդրած ավանդին և Խորհրդային Հայաստանում տեխնոլոգիական հաջողություններին։

Հաջորդ այցելությունը Գ․ Մարտիրոսյանը կատարել է դարձյալ ՏՏ ոլորտի «Զանգի» հանրահայտ ընկերություն, որտեղ տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրել է հավելվածի առավելություններն ու դրա նկատմամբ աշխարհում աճող հետաքրքրությունը։ Պետնախարարը հատկապես կարևորել է հավելվածի հայկական ծագման և նրա ունեցած բարձր անվտանգային բաղադիրչը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մոտ ապագայում համագործակցության կոնկրետ առաջարկների շուրջ քննարկումներ սկսելու մասին։

Հաջորդիվ Գ․ Մարտիրոսյանը եղել է ICARE (International Center for Agribusiness Research and Education) գյուղատնտեսական բիզնեսի ուսուցման կենտրոնում, գյուղատնտեսական բիզնեսի հետազոտական կենտրոնում և գինու ակադեմիայում, որտեղ կայացել է հանդիպում կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանի հետ։ Պետնախարարի խոսքով՝ գյուղատնտեսությունը համարվում է Արցախի տնտեսության առաջատար ուղղություններից մեկը, և պետական մակարդակով մեծ է շահագրգռվածությունը առաջատար կրթական ծրագրերի միջոցով մասնագետների վերապատրաստման և նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում: Գ. Մարտիրոսյանը կարևորել է նաև խաղողագործության և գինեգործության զարգացումը։ Տեղում պայմանավորվածություն է ձեռք բերվել գյուղատնտեսական մի շարք մասնագիտությունների գծով ուսանողների և մասնագետների համար հեռահար և ստացիոնար կրթության, Արցախում աճող խաղողի տեսակների և գինիների որակի ստուգման նպատակով պարբերաբար լաբորատոր ուսումնասիրության և միջազգային մասնագետների կողմից համտեսների կազմակերպան հարցերում։

Պետական նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև «FMD K&L Europe» կենսատեխնոլոգիական կենտրոն և հանդիպել տնօրեն Կիրիտ Վելանիի հետ։ Պատվիրակությունը ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին և քննարկել Արցախի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։

Գ. Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության վերջին այցելությունը բնակելի, հասարակական և էլիտար համալիրների շինարարության, նորակառույցների հայաստանյան շուկայում առաջատար դիրք զբաղեցնող «Էլիտ Գրուպ» ՓԲ ընկերությունում էր, որտեղ հիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Մկոյանի հետ քննարկվել են Արցախում բնակարանաշինության մի շարք ծրագրեր։ Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ արցախյան շուկան էկոնոմ դասի նոր բնակարանների մեծ պահանջարկ ունի և այս ուղղությամբ Արցախի կառավարությունը հետաքրքրված է ներդրումային տարբեր առաջարկներով։

Աշխատանքային այցի ընթացքում ԱՀ պետնախարարի գլխավորած պատվիրակությունը «Օպերա Սյուիթ» հյուրանոցում մասնակցել է «Առաջնորդության դպրոցի» կազմակերպած «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին, որին ներկա էին բիզնես ոլորտում կայացած և նորահաստատ տարբեր ընկերությունների ղեկավարներ։ Պետական նախարարն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Արցախի տնտեսության գրավչությունը պայմանավորող հիմնական առավելություններին և հնարավոր ներդրումների պարագայում կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ծրագրերին: Գ. Մարտիրոսյանը պատասխանել է նաև ներկաների տարաբնույթ հարցերին և առանձին ձևաչափով տեղում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել համագործակցությանն ուղղված առաջարկներ:

 

Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]