Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Ծակքարում կարգավորվում են խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումների հետ կապված հիմնահարցերը


ԳԱՎԱՌ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում խմելու մշտական ջրով արդեն ապահովվել է նորակառույց «Ղռաջներ» թաղամասը, մեկնարկել է 1 կիլոմետր երկարության ոռոգման ջրատարի կառուցումը գյուղամիջյան երկու փողոցներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը, խմելու ջրի մատակարարման ներքին ցանցը կառուցվել է գյուղապետարանի ֆոնդային բյուջեից ներդրված 13 միլիոն 630 հազար դրամի հաշվին: Օրվա կարգավորիչ ջրամբարից մինչեւ ջրամատակարարման վերջին կետ եղած հեռավորությունը կազմում է շուրջ 2 կիլոմետր: Նորակառույց ու զարգացող թաղամասն արդեն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Իսկ ոռոգման ջրատարի կառուցումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,5 միլիոն դրամ, որի 48,95 տոկոսը ներդրել է Ծակքարի գյուղապետարանը, 51,05 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:

«Ոռոգման ջրատարի մի հատվածը կառուցվում է գյուղի կենտրոնական փողոցում, մյուսը՝ նրան հարակից թաղամասում, երկաթե կիսախողովակներով: Այն սնվելու է ինքնահոս եղանակով եւ ոռոգման ջուր է ապահովելու գյուղի տնտեսությունների տնամերձ հողամասերի համար: Այս ծրագրի իրականացմամբ մենք երկու հիմնական խնդիր ենք լուծում՝ մի կողմից վերացնելով հողե առուներում գոյություն ունեցող ջրի կորուստները, մյուս կողմից՝ կարգավորելով ասֆալտապատ ճանապարհների պահպանման խնդիրը: Մեկ ամսից ավարտի կհասցնենք սկսված աշխատանքները: Երկու ծրագրերն էլ ընդգրկված են Ծակքարի հնգամյա զարգացման ծրագրերում: Ստեղծված ամեն մի միջոց ուղղում ենք համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը: Հուսով եմ, որ կկարողանանք կատարել ու ավարտել հնգամյա ծրագրով նախատեսված աշխատանքները»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ