1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝  քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ՝ վերաստորագրելու Բերձորի և Ալֆորվիլի միջև բարեկամության հռչակագիրը, ինչը, նրա գնահատմամբ, վերահաստատում է երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը։

ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների ջանքերը՝ ուղղված Բերձորի հետ համագործակցության ամրապնդմանն ու Արցախի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը՝ հիշատակելով վերջերս Ալֆորվիլ քաղաքում «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի անցկացումը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով նաև Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է օտարերկրյա պետությունների հետ տարբեր մակարդակներով հարաբերությունների հաստատման և աշխարհագրության ընդլայնման կարևորությունը՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից հետևողականորեն տարվող մեկուսացման քաղաքականությանը դիմագրավելու տեսանկյունից։ Այս համատեքստում նա նշել է, որ ամեն կերպ ձգտելով մեկուսացնել Արցախը՝ Ադրբեջանը փորձում է իր համար բարենպաստ հող նախապատրաստել՝ Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար, ինչը սպառնալիք է ոչ միայն երկու հայկական պետությունների, այլև ողջ տարածաշրջանի համար։

Քաղաքապետ Միշել Ժերշինովիչն իր հերթին վերահաստատել է Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ խորացնել և ընդլայնել Բերձոր քաղաքի հետ մշակույթի, սպորտի, կրթության և տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ պատվիրակության այցելությունն Արցախ լրացուցիչ առիթ է՝ քննարկել և նախանշել երկկողմ կապերի զարգացմանն ուղղված հետագա անելիքները։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել գործնական ծրագրերի իրականացման հեռանկարների  և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]