1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստի քննարկումները էականորեն նպաստելու են Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունների զարգացմանը

Գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստի քննարկումները 
էականորեն նպաստելու են Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունների 
զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստում քննարկված հարցերը թույլ կտան արդեն գործնականում լուծել շատ խնդիրներ, մշակել կանոնակարգեր երկու կողմերի առևտրային հարաբերությունների զարգացման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին նիստը կայացավ Հայաստանում սեպտեմբերի 25-ին:

«Մեր այստեղ լինելու նպատակն է մանրամասն քննարկել բոլոր այն դրույթները և հոդվածները, որոնք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված են առևտրի բաժնի համար: Հիմնական նպատակն է Հայաստանում իրականացնել բարեփոխումներ և դրանց միջոցով ստեղծել բարենպաստ միջավայր՝ ներդրումների և գործարար միջավայրի զարգացման համար»,-ասաց ԵՄ-ի կողմից Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը:

Նրա կարծիքով՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը ևս մեկ անգամ հաստատում է ՀՀ-ի  հետ առևտրային համագործակցության այն դրույթները (GSP+ համակարգը), որոնք կային մինչ համաձայնագիրը: Դրանից բացի՝ կա մեկ այլ ճյուղ՝ ծառայությունների, որի շրջանակում նոր հնարավորություններ են ստեղծված հայկական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համար, նաև պետական գնումների ոլորտում: Նախատեսված են նաև բարեփոխումներ, որոնք վերաբերում են Հայաստանում կարգավորման դաշտի փոփոխությանը: «Մշակվելու են նոր կանոնակարգեր, որոնց իրականացմամբ ապահովվելու են մրցակցության հավասար պայմաններ: Հավասար պայմանների հիմնական նպատակն այն է, որ մասամբ կամ ամբողջությամբ պետական սեփականություն, նաև բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների մրցակցության մակարդակը մասնավոր ընկերությունների հետ լինի նույնը: Այսինքն՝ մասնավոր, նորաստեղծ ընկերությունները խնդիրներ չունենան: Պետական սեփականություն հանդիսացող ընկերությունները կամ մենաշնորհները որևէ առավելություն չունենան այլ ընկերությունների նկատմամբ»,-ասաց Սուրմելիսն ու հավելեց, որ հիմնական շեշտը դրվելու է սկսնակ կազմակերպությունների վրա:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը նշեց՝ քննարկելու են առևտրին առնչվող հարցեր, որոնք ամփոփված են համաձայնագրի 6-րդ գլխում: Այդ գլխի կիրարկումն ապահովելու նպատակով իրենք մշակել ենք ճանապարհային քարտեզ: Դրանում առանձնացվել են այն հոդվածները, որոնցով կողմերի համար սահմանվում են որոշակի պարտավորություններ կամ նախանշվում են հայկական կողմի նպատակներն ու ցանկությունները համագործակցության վերաբերյալ: «Այս նիստը շատ կարևոր դերակատարում է ունենալու մեր ընդհանուր համագործակցության համար: Սրանով մեկնարկում է  նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման պաշտոնական գործըթնացը: Համապարփակ գործողությունները նպաստելու են առևտրի զարգացմանը»,-նշեց նա:

Նախարարի տեղակալը նկատեց՝ Համաձայնագրի 6-րդ գլխի շրջանակում Հայաստանը հսկայածավալ ռեֆորմներ պետք է անի: Կան տասներկու տարբեր ոլորտներ՝ տեխնիկական խոչընդոտներ, արտոնյալ ռեժիմ, մրցակցություն և այլն: Ադամյանն առանձնացրեց տարատեսակ խնդիրներ: «Ունենք GSP+ արտոնյալ ռեժիմ, որով 6000-ից ավել անուն ապրանքներով արտոնյալ պայմաններ ենք ստանում առևտրի համար: Բայց դրանից ամբողջությամբ չենք կարողանում օգտվել, քանի որ չենք համապատասխանում տարատեսակ ստանդարտների: Կարծում եմ՝ այսօրվա քննարկման արդյունքում կփորձենք գտնել լուծումներ, թե ինչ կարող ենք անել, որ նպաստենք ընդհանուր առևտրային հարաբերությունների զարգացմանը»,-ասաց Ադամյանը:

Հունվար-հունիսին ԵՄ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 36 տոկոսով: Աճ է արձանագրվել գրեթե բոլոր ուղղություններով: Ավելացել է հատկապես գինու արտահանումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]