Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր

Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ 
օրակարգի մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու-Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում, հանդիպում է ունեցել Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանն ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ համատեղ գործնական քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության աշխուժացման համար առկա մեծ ներուժը հնարավորինս օգտագործելու ուղղությամբ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները մանրամասն զրույց են ծավալել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, նախատեսվող միջոցառումների, օրակարգի և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի շուրջ: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ որպես գերակա ուղղություն ընդգծելով սմարթ զարգացման և թվային օրակարգի առաջմղումը:

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]