Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

#CultTalk. Թե ինչու Սերգեյ Խաչատրյանը չդարձավ դաշնակահար և ինչ ծրագրեր ունի լավագույն երիտասարդ ջութակահարը  

#CultTalk. Թե ինչու Սերգեյ Խաչատրյանը չդարձավ դաշնակահար և ինչ ծրագրեր ունի 
լավագույն երիտասարդ ջութակահարը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2013 թվականին շվեյցարական Credit Swiss բանկը նրան ճանաչեց «Լավագույն երիտասարդ երաժիշտ»: Մինչ այդ նա հասցրել էր հաղթել Յան Սիբելիուսի անվան ջութակահարների և Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթներում: Գաղտնիք չէ, որ Սերգեյ Խաչատրյանը մեր օրերի ամենահաջողակ և տաղանդավոր դասական երաժիշտներից է: Նրա յուրաքանչյուր ելույթ հայրենիքում իսկական տոն է ջութակահարի արվեստը գնահատողների համար: Կարճատև դադարից հետո Սերգեյ Խաչատրյանը կրկին հայրենիքում է, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հյուրն է: Այստեղ հասցրել է արդեն մեկ համերգով հանդես գալ, իսկ սեպտեմբերի 25-ին նախատեսված է ջութակահարի մասնակցությամբ ևս մեկ երեկո:  

Նրան հանդիպեցինք համերգի փորձից հետո, որին ներկա էր նաև ջութակահարի ընտանիքը: Սերգեյի որդին արդեն գրեթե 4,5 ամսական է: Երաժիշտը փաստում է՝ պարապելիս փոքրիկն էլ է իրեն շատ կենտրոնացած ձևով լսում: Դիտարկմանը՝ կդառնա՞ արդյոք հաջորդ Սերգեյ Խաչատրյան, արձագանքում է՝ երեխան պետք է գտնի իր սեփական ճանապարհը:

«Արմենպրես»-ի #CultTalk նախագծում ջութակահար Սերգեյ Խաչատրյանը պատմում է երևանյան համերգների, իր՝ դաշնակահար չդառնալու ու առաջիկա ծրագրերի մասին:

Սիրված ջութակահարը՝ Հայաստանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկա Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, ներկայացրինք Բրամսի Ջութակի կոնցերտը, իսկ սեպտեմբերի 25-ի համերգին կնվագենք ժամանակակից կոմպոզիտոր Վաղարշակ Զաքարյանի Ջութակի կոնցերտը: Ֆիլհարմոնիկի հետ ենք կատարելու նրա այս երկը, համաշխարհային պրեմիերա է: Շատ հետաքրքիր գործ է: Ընդհանրապես, ես չեմ կարող ասել, որ ժամանակակից երաժշտության մեծ երկրպագու եմ և սիրահար: Երբ երեք տարի առաջ ծանոթացա Վաղարշակ Զաքարյանի հետ, առաջին անգամ լսեցի կոնցերտը, նա դաշնամուրով նվագեց այն՝ ներկայացնելու նպատակով: Ինձ շատ հետաքրքրեց: Շատ խոր գործ թվաց, և որոշեցի, որ 2017 թվականին կկատարեմ այն: Սակայն այդ ժամանակ համերգների ու ժամանակի սղության պատճառով չհասցրեցի: Խոստացա, որ անպայման կներկայացնեմ կոնցերտը 2018-ին: Համերգներս այնպես փորձեցի պլանավորել, որ 2018/19 համերգաշրջանի սկիզբն ազատ լինի, որ կարողանամ գալ Հայաստան և ներկայացնել այս կոնցերտը:

Երկու տարի չէի նվագել Հայաստանում, չէի ուզում, որ միայն գործի պրեմիերան լիներ, նաև ուզում էի ինչ-որ ռոմանտիկ, մեծ կոնցերտ նվագել: Ֆիլհարմոնիկ նվագախմբի ու դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ սեպտեմբերի 10-ին ներկայացրինք Բրամսի Ջութակի կոնցերտը: Ես շատ եմ սիրում Բրամսի կոնցերտները, դրանք կարծես մարդու հոգու և գեղեցկության արտացոլումը լինեն՝ երաժշտության միջոցով:

Պետք է ասեմ նաև, որ բացառիկ հնարավորություն է, երբ կարողանում ես շփվել գործը գրած կոմպոզիտորի հետ: Այս օրերին շփվել եմ Վաղարշակ Զաքարյանի հետ՝ նրա գործն ավելի լավ հասկանալու համար:

Ֆիլհարմոնիկի հետ՝ Բեռլինում

Նոյեմբերին Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կմեկնենք Բեռլին: Այնտեղ նոյեմբերի 28-ին կներկայացնենք Արան Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Համերգը նվիրված է լինելու Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, նաև՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Խաչատրյան կատարելու դժվարությունը կայանում է նրանում, որ պետք է հասկանալ հայի հոգին: Ես չեմ կարող ասել, որ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն ունիվերսալ կոնցերտ է, համամարդկային է: Դրա հիմքում հայկական ժողովրդական երաժշտությունն է, այդ պատճառով պետք է զգալ այդ ամեն ինչը: Ազգությամբ ոչ հայ երաժշտի համար շատ դժվար է Խաչատրյան կատարել:

Երաժշտական ընտանիքը

Ծնողներս ինձ համար ընտրեցին ջութակը: Երբ փոքր էի, մի պատմություն էին պատմել ջութակահար Մաքսիմ Վենգերովի մասին: Նրա հայրը հոբոյ է նվագել: Վենգերովը պատմում էր, որ ինքն ուզում էր ջութակահար լինել, որովհետև երբ միշտ համերգների է գնացել, նվագախմբի ետևի շարքերում նստած իր հայրիկին լավ չի տեսել: Եվ այդ փաստը հաշվի առնելով՝ Վենգերովը որոշել է ջութակ սովորել:

Իմ դեպքում ես գործիքի նախասիրություն չեմ ունեցել: Քույրս՝ Լուսինեն, ով ինձնից երկու տարով մեծ է, արդեն սկսել էր դաշնամուր նվագել սովորել: Ծնողներս երկուսն էլ դաշնակահար են: Մտածեցին՝ երեք դաշնակահար տանը շատ է, չորրորդն էլ ավելանա, չափազանց կլինի: Դրա համար ես գնացի ջութակ սովորելու:

Մրցանակներից առավել կարևոր բաներ

Առհասարակ մրցույթներին մասնակցելը բոլորովին այլ բան է, քան համերգին պատրաստվելը: Սթրեսից բացի՝ ծրագրի ծավալը մեծ է, պարապելու ժամերն են ավելի շատ: Մրցույթը շատ կոփում է քեզ, սթրեսն էլ ինչ-որ չափով ուժեղացնում է պատանի երաժշտին: Հակառակ էֆեկտներ էլ են երբեմն ստացվում, ինչը շատ վնաս է երաժշտի համար: Բայց դա անհատական հարց է:

Երաժշտի ճանապարհն այնքան երկար է, մրցանակներից շատ ավելի կարևոր բաներ կան: Եթե այդ ճանապարհին լինում են մրցանակներ, իհարկե, հաճելի է, բայց դա չէ էականը: Էականն ինքդ քեզ վրա աշխատելն է: Պետք է կարողանաս երաժշտության մեջ գտնել սեփական լեզուդ, բացի քոնը գտնելուց՝ խորանալ երաժշտության մեջ, ամեն համերգով էլ ավելի հետաքրքիր դառնաս որպես երաժիշտ:

Ինձ ծնողներս միշտ ասել են՝ եթե քո ճանապարհով գնաս և դառնաս լավագույնն այն գործում, որն անում ես, բոլոր լավագույն մրցանակները, նվագախմբերը, բեմերը վաղ թե ուշ քոնը կլինեն: Եվ ես միշտ ապրել եմ այդ հավատով: Ինձ համար երազանքներ չեն եղել:

Գույնն է պակասել…

Այսօր աշխարհում դաստիարակում են մոխրագույն, միջակ մակարդակի մարդու: Նրան շատ զգացմունքներն արգելված են: Զգացմունքներն, առհասարակ, խանգարում են մարդուն ապրել և հավասարակշռությունից հանում են: Բայց կարծում եմ, որ դա է մարդու մեջ ամենահետաքրքիրը: Ես Հայաստանում տեսնում եմ, որ երեխաների մեջ կրակ կա. այստեղ ամեն ինչ այլ կերպ է: Գերմանիայում, օրինակ, երբ շփվում եմ երեխաների հետ, հասկանում եմ, որ քանի ժամանակն անցնում է, այնքան նրանք ավելի քիչ են հաղորդակցվում, շատ բարդույթներ ունեն, զգացմունքային առումով սառն են: Դա համակարգի և կրթության խնդիրն է:

Առաջիկա ծրագրերը

Այս համերգաշրջանում ինձ ընտրել են որպես Բրյուսելի Bozar-ի ռեզիդենտ-մենակատար: Ի դեպ, այնտեղ անցկացվում է նաև Եղիսաբեթ թագուհու անունը կրող մրցույթը: Այս համերգաշրջանում այդ սրահում մի քանի համերգով եմ հանդես գալու: Հոկտեմբերի 10-ին այնտեղ ելույթ կունենանք դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ: Հետո Բելգիայի ազգային նվագախմբի հետ համերգ կլինի, իմ ու Լուսինեի մենահամերգը: Հագեցած համերգաշրջան է լինելու…

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]