Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Միջազգային վարկի ապահովման դիտակետից. Շահան Գանտահարյանի անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին միջազգային արձագանքին

Միջազգային վարկի ապահովման դիտակետից. Շահան Գանտահարյանի անդրադարձը 
Երևանի ավագանու ընտրություններին միջազգային արձագանքին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու ընտրությունները ներհայաստանյան առումով դեռեւս կքննարկվեն՝ մասնակցության համեմատությունը, ճշգրիտ տվյալների հիման վրա ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության քանակը, համապետական  եւ համայնքային ընտրությունների մասնակցության շարժառիթների տարբերությունները եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի նախապես ապահոված քվեների չափն ու հետհեղափոխական իրավիճակում յուրաքանչյուրի նկատմամբ ժողովրդային ընկալելիության խնդիրները։

Անկախ ներքին հարթությունում գոյություն ունեցող տարատեսակ մեկնաբանություններից, կա մանավանդ արդար ընտրություններին մասնակցած լինելու թե՛ ժողովրդային եւ թե՛ քաղաքական ընդհանուր համոզվածություն։  

Ահա այստեղ է, որ ներհայաստանյան կարեւորագույն համայնքի ընտրությունները իրենց  վրա են կենտրոնացնում արտաքին գնահատականների պաշտոնական արձագանքները։ Միջազգային ընտանիքի տարբեր ներկայացուցիչներ հաստատում եւ դեռեւս տարբեր առիթներով պիտի հաստատեն ընտրական մշակույթի նոր թռիչք արձանագրելու փաստը մեր երկրում։

Բացարձակ պարզամտությամբ չպետք է մոտենալ, իհարկե, նման գնահատականների ապաքաղաքական լինելուն։ Դիտորդների, միջազգային կառույցների, գերտերությունների արտաքին գործերի գերատեսչական բաժանմունքների հայտարարությունները նկատում են եւ համապատասխան արժեւորում այն՝ ինչ որ իրենք ուզում են նկատել եւ, բնականաբար, չեն նկատում՝ այն ինչը չեն ուզում նկատել։

Թվում է այս դեպքում, որ մեր երկրի ժողովրդավարացմանը միտող քայլերը մանրադիտակի տակ են առնվել։ Եւ գեթ դեկլարատիվ մակարդակի վրա իրադարձություններն ստանում են դրական արձագանքներ։ Թե՛ թաւշյա հեղափոխությունը, թե՛ կոռուպցյայի դեմ պայքարը եւ թե՛ այժմ էլ ավագանու ընտրությունները իրենց վրա են հրավիրել ինչպես գերտերությունների, այնպես էլ միջազգային ընտանիքի հետ առնչություն ունեցող տարբեր համաժողովների  ուշադրությունը։

Դեկլարատիվ մակարդակի միջազգային ընդհանուր դրական մթնոլորտի ցուցանիշներից կարելի է համարել Եւրախորհրդարանի բանաձեւը, ՄԱԿ-ի առաջին դեմքի հայաստանյան իրադարձություններին տված աննախադեպ գնահատականը, պատմական ակնարկներով Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային խնդիրների ուղղությամբ նուրբ ուղերձներ փոխանցող ԱՄՆ նախագահի եւ Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով հղած շնորհաւորագրերը։ Բնականաբար դրանք բոլորը ունեն նաեւ աշխարհաքաղաքական-տարածաշրջանային ենթաշարժառիթներ, որոնք կգան լրացնելու դեպի Երեւան դրական ազդակներ հղելու այդ երկրների ընդհանուր քաղաքականությունը։ Եւ, ըստ էության, անտեղի չէ Ադրբեջանի նախագահի կանխահաս անհանգստությունը Երեւանի ընտրություններին՝ միջազգային դիտորդների տված դրական գնահատականի ուղղությամբ։

Երեւանի ավագանու ընտրությունները, իբրեւ կազմակերպման եւ կայացման եղանակ, նախաբանային իմաստ ունեն առաջիկա արտախորհրդարանական արտակարգ ընտրությունների համար։ Խորհրդարանական ընտրությունների համար ժամկետների ճշտման նպատակով խորհրդակցությունների մեկնարկն արդեն հայտարարվել է։ Քաղաքական երկխոսության հարթակը պարտադիր է։ Հասկանալի է, որ ընտրության արդյունքները կարող են ազդեցիկ հանգամանք ունենալ խորհրդարանի լուծարման կամ քաղաքական բանաձեւումով՝ նոր իրադրությամբ գոյացած իրավիճակում նոր ԱԺ-ի  ձեվավորման որոշման համակողմանի ընդունման։

Հանգուցալուծումները իրավական հարթությունում պահելու համակողմանի մոտեցումը կնպաստի մեր երկրի միջազգային վարկի ու հեղինակության բարձրացմանը, որի ենթահողը հայտնապես գոյացել է՝ նկատի ունենալով միջազգային դրական արձագանքերն ու հակառակորդի բացահայտ անհանգստությունները։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]