Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Հայ օգնության ֆոնդը վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը


տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որը Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում ծրագրի շրջանակներում հիմնովին վերանորոգված առաջին դպրոցն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՕՖ-ի հայաստանյանմասնաճյուղի հաղորդակցության բաժնից, բացման արարողությանը 155 աշակերտների, դպրոցի աշխատակազմի ու բազմաթիվ հյուրերի հետ ուրախանալու հնարավորություն է ունեցել նաեւ մի քանի միլիոն դոլար բյուջեով, բազմամյա, բազմաբաղադրիչ ծրագրի հովանահոր Մարդիգյան ընտանիքը։

2018-ի ամռանը հիմնովին վերանորոգվել է դպրոցի ներքին հարդարումը, փոխվել են պատուհանները, դռները, հատակը։ Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում ծրագրի շրջանակներում անցած տարիներին նորոգվել ու կահավորվել են դպրոցի ճաշարանն ու տեխնոլոգիայի դասասենյակը, սպորտային հրապարակը, սանհանգույցների ցանցը, ինչպես նաեւ նույն շենքում գտնվող Բերդի համար 3 մանկապարտեզը։

«Մենք որոշեցինք հենց 4-րդ դպրոցը հիմնանորոգել, քանի որ այն գտնվում է Բերդի հարավ-արեւմտյան ծայրամասում ու քաղաքի մյուս դպրոցների համեմատ ավելի վատ վիճակում էր։ Մենք ուզում ենք կրթական լավ պայմաններ ապահովել Բերդի տարածաշրջնաի բոլոր դպրոցներում՝ թե՛ գյուղական, թե՛ քաղաքային»,- Բացման ժամանակ նշել է ՀՕՖ-ի Կրթական ու գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։

Դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանն իր խոսքում նաեւ տեղեկացրել է, որ հիմնադրումից ի վեր՝ արդեն 25 տարի, այն չի վերանորոգվել ու իսկապես նորոգության կարիք կար։

«Մեր սիրելի դպրոցը շատ անշուք տեսք ուներ, դա ազդում էր անգամ աշակերտների քանակի վրա, քանի որ երեխան ավելի հաճույքով է գնում բարեկարգ դպրոց։ Հիմա շատ բան կփոխվի մեր առօրյայում, հաստատ աշակերտների թիվն էլ կավելանա ու նրանք ավելի գեղեցիկ միջավայրում կսովորեն»,- ասել է Աբգարյանը։

«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը (ԱՀՏՄ) մեկնարկել է 2013 թվականին։ Այն մեծ ուշադրություն է դարձնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 16 համայնքներում կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը։ Ծրագրի աջակիցն ու հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ