Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո 
Գուտերեշի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև սերտ և ամուր համագործակցությունը` ՄԱԿ-ի հռչակած արժեքների պաշտպանության և ամրապնդման գործում: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու հույս հայտնել, որ այդ ծրագրերը ոչ միայն կկրեն շարունակական բնույթ, այլ նաև կստանան նոր ազդակներ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և հավելել, որ ՄԱԿ-ի թիրախային հետագա աջակցությունը Հայաստանին կխթանի և կամրապնդի Հայաստանի զարգացման ներուժը։

Անտոնիո Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է և հույս հայտնել, որ մեր երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով` իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով: 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ և կարևորել այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը:  

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]