Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Դեմոկրատական կուսակցության նախագահը Երևանի ավագանու արդար ընտրությունները դրական տեղաշարժ է համարում


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ լինելը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դրական է գնահատում:

«Այն հույսը, որ ժողովուրդը կապում է նոր իշխանությունների հետ՝ հանգեցրեց այսպիսի աննախադեպ արդյունքի, և հաղթանակ տոնեց «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Հայկ Մարությանը: Մարդիկ «ծարավ» են արդարության և հավասար պայմանների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այսպիսի արդյունքները նաև պայմանավորված էին նրանով, որ այն մարդիկ, ովքեր չէին քվեարկի «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ չեն մասնակցել ընտրությանը:

«Այն, որ Հայկ Մարությանը հաղթելու էր՝ միանշանակ էր, այդ իսկ պատճառով էլ մենք հայտարարեցինք, որ մատնացույց արված ընտրություններին մասնակցելն անիմաստ է, այն էլ այս էյֆորիայի պայմաններում: Կարծում եմ՝ մենք ճիշտ էինք, քանի որ մյուս կուսակցությունները, որոնք մասնակցեցին` դժվար գոհ լինեն իրենց արդյունքներից»,- ընդգծեց Սարգսյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահի պնդմամբ՝ պետք է սպասել տեսնելու համար, թե Երևանի առջև դրված ինչ խնդիրներ է կարողանալու լուծել այդ թիմը:

«Հայաստանն այսօր կանգնած է լուրջ վտանգի առաջ, որ հնարավոր է չլինի ընդդիմադիր դաշտ: Եթե ձևավորվի բացարձակ մեծամասնություն, ապա ընդդիմություն հասկացությունը կվերանա, ինչը շատ վտանգավոր է: Այդպիսի դեպք գրանցվել է 1990-ականների սկզբին, երբ ՀՀՇ-ն ստացել էր 82 տոկոս ձայն»,- նշեց Արամ Սարգսյանը:

Նրա պնդմամբ՝ վարչապետը պետք է ավելի շրջահայաց գտնվի և հստակ ձևավորի այն մոտեցումը, որ հանրապետությունում պետք է լինի առողջ ընդդիմություն: Կուսակցության նախագահը, եզրափակելով խոսքը, շեշտեց, որ առանց ընդդիմության վերահսկողության իշխանությունը կարող է վերաճել դիկտատուրայի, այն էլ՝ այս պայմաններում: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ