Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Ընտրությունների արդյունքները խոսում են Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների բարձր լեգիտիմության մասին. քաղաքագետ


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կողմից ստացած բավական բարձր տոկոսով քվեն խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն ունեն բարձր լեգիտիմություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ընդհանուր առմամբ, արդյունքները կանխատեսելի էին, սակայն ես գնահատում էի, որ «Իմ քայլը» դաշինքի ձայները կլինեն 70 տոկոսի շրջանակում ու մի փոքր ավելի, բայց ոչ 81 տոկոս: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լեգիտիմության բարձր լինելն ամուր կերպով հաստատվեց: Ակնհայտ էր, որ այս ընտրությունները պարզապես քաղաքային չէին, այլ քաղաքական: Հռետորաբանությունն այդ համատեքստում էր: Երևանցիներն իրենց մասնակցությամբ վստահության քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին ու իր կողմնակիցներին»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Խոսելով քվեարկությանը քաղաքացիների մասնակցության մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ սպասելի էր, քանի որ ի վերջո քաղաքային ընտրություններ են, իսկ նման դեպքերում սովորաբար քաղաքացիների մասնակցության ցուցանիշը բարձր չի լինում:

Քաղաքագետը նշեց, որ այս ընտրություններն առանձնանում էին նրանով, որ ֆինանսական մեծ ռեսուրսներ չեն կիրառվել, քաղաքացիներին չեն վճարել, քաղաքացիները չեն բերվել: Ըստ նրա՝ հաղթած քաղաքական ուժի կողմից այսքան բարձր ցուցանիշ ստանալը հիշեցնում է 90 –ական թվականների առաջին ընտրությունը:

«Այս ընտրություններն այլ հարցեր էլ բացահայտեցին: Մնացած քաղաքական ուժերի ստացած ցածր ցուցանիշը խոսում է կուսակցական համակարգի կոլապսի մասին»,-հավելեց քաղաքագետը:  

Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում բոլոր 475 տեղամասերում կատարված հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը:

Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է  5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ  0.75 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ  0.82 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ  0.69 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ  0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ  0.22 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ  0.22 տոկոսը:




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ