ԲՀԿ-ն ընդունում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ու շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:
Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: Աստված պահապան մեզ բոլորիս»,- ասված է Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը կայացել է սեպտեմբերի 23-ին: Բոլոր 475 տեղամասերում կատարված հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը:
Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:
ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22 տոկոս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում