Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ և անձամբ շնորհավորել Հայկ Մարությանին


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքերի հրապարակումից հետո գնացել է «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբ և անձամբ շնորհավորել դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համացանցում տարածված  տեսանյութում երևում է, թե ինչպես է Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում զրուցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: 

Այնուհետև մոտենում է Երևանի ավագանու  արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, ում դիմավորում են ծափահարություններով, իսկ Արտակ Զեյնալյանը սեղմում է նրա ձեռքը ու շնորհավորում հաղթանակի կապակցությամբ: 

Արտակ Զեյնալյանին ուղեկցել է «Լույս դաշինքի» ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը: 

256 ընտրական տեղամասերում կատարված նախնական հաշվարկների արդյունքում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 155 հազար 46 ձայն կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների 80.81 տոկոսը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է 13 հազար 892 ձայն կամ ձայների 7.15 տոկոսը: «Լույս» դաշինքը հավաքել է 9 հազար 824 ձայն կամ ձայների 5.06 տոկոսը: Ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերից որոշների հավաքած ձայները գերազանցում են 1 տոկոսը, իսկ մնացածի ձայները նույնիսկ մեկ տոկոսի չի հասնում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ