Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Նաիրա Զոհրաբյանը ԿԳՆ-ի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություն. ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հայտարարությունը.

«Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ առ այն, որ սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:  ԿԳՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ նախարարության որևէ աշխատակից նման գրառում չի կատարել:  Միաժամանակ հավելենք, որ նախարարությանը հաջողվել է պարզել այն անձի ինքնությունը, ում մեղադրում է հայտնի քաղաքական գործիչը: Տվյալ անձը Հայաստանի հոթելյերների և ռեստորատորների ասոցիացիայի նախագահ Էդգար Բաբայանն է, որը որևէ առնչություն չունի ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Ի դեպ, տվյալ օգտատերը ևս ժխտում է իր կողմից նման գրառում կատարելու իրողությունը և պնդում, որ այդ հրապարակումն արվել է իր անունից ֆեյք օգտահաշվի միջոցով, որը ներկայում ջնջված է:

Ընդգծենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը և ողջ աշխատակազմը մշտապես հասանելի են ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների համար,և հարգելի քաղաքական գործիչը հրապարակային մեղադրանք ներկայացնելուց առաջ պարտավոր էր ճշգրտել նման հայտարարության իսկությունը և չտարածել, ըստ էության, ակնհայտ սուտ տեղեկություն: Սույն փաստը նախարարությունը պարզել էր նախօրեին, սակայն հայտարարություն չի տարածվել նախարարի հրահանգով, որպեսզի այն չդիտվի որպես հակաքարոզչություն ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին այսուհետ և միշտ զերծ մնալ պետական կառույցները քաղաքական գործընթացներում ներգրավելու և հասարակությանն ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից, մանավանդ, որ նույն տիկին Զոհրաբյանը համոզվել է, որ ԿԳՆ-ին հաջողվել է զերծ պահել դպրոցը քաղաքական գործընթացներին որպես վարչական ռեսուրս ներգրավելու նախկին արատավոր պրակտիկայից:

Հուսով ենք, որ Նաիրա Զոհրաբյանը հասարակությանը կտեղեկացնի ԿԳՆ-ի մասով իր հայտարարության անհիմն լինելու մասին»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ