Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

«Հազարամյակների ճամփորդ. Երևան». ցուցադրվեց ԵՊՀ պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի ֆիլմը


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 22-ին առաջին անգամ ցուցադրվեց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանի «Հազարամյակների ճամփորդ. Երևան» գիտահանրամատչելի ֆիլմը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմը պատմում է Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանի մասին, և պատմական տեղեկությունները հանդիսատեսին էին ներկայացված ոչ միայն դեպքերի ժամանակագրական շարադրանքով, լուսանկարներով ու պատմագետների կողմից դրանց մեկնաբանություններով, այլ նաև դերասանական խաղի և հիանալի 3D մոդելավորման միջոցով։ Ինչպես նշում է ֆիլմի հեղինակը՝ ֆիլմում ներկայացված է Երևանի պատմությունը` անհիշելի ժամանակներից մինչև մեր օրեր: «Հնավայրերի, հնագիտական նյութերի, 3D վերակազմությունների, գիտնականների հարցազրույցների, խաղարկային տեսարանների միջոցով ֆիլմում ամբողջանում է Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի ողջ պատմությունը»,- ասաց Արտակ Մովսիսյանը։
Գիտահանրամատչելի կինոնկարի պատմական փաստերը հանդիսատեսի համար մեկնաբանեցին պատմաբան, հայագետ Հակոբ Սիմոնյանը, պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը, ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանը, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը և դրամագետ Շահեն Հովսեփյանը: 

Խաղարկային տեսարաններում դերասաններ գտնելու համար Արտակ Մովսիսյանն ընտրել էր հետաքրքիր մի տարբերակ. նա հայտարարություն էր տեղադրել համացանցում, որին արձագանքել էին շատ-շատերը ոչ միայն ՀՀ-ից, այլ նաև արտերկրից։ Որոշված էր, որ ֆիլմը պետք է 40 րոպե տևի, սակայն այդ ժամանակը կրկնապատկվեց, և հեղինակ-պրոդյուսերը պարզապես ի զորու չեղավ կրճատել ստացված ֆիլմից գեթ մեկ րոպե: 

Արտակ Մովսիսյանն ասաց, որ «Հազարամյակների ճամփորդ. Երևան»-ը նկարահանվել է «ԵՐԵՎԱՆ-2800» մշակութային հիմնադրամի աջակցությամբ, ինչի համար նա շնորակալություն հայտնեց հիմնադրամի տնօրենին, ով ներկա էր ֆիլմի ցուցադրությանը։ Ի սկզբանե նախատեսված էր, որ ֆիլմը լույս կտեսնի երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Սակայն ֆինանսական աջակցությամբ այն հնարավոր կլինի թարգմանել նաև ֆրանսերն, ինչը նվեր կլինի Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ:

Կինոնկարի ցուցադրությանը ներկա էին քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը և քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանն ու Դավիթ Օհանյանը։

«Երևանը հազարամյակների ճամփա անցած ու դեռ հազարամյակներ անցնելու ճանապարհ ունեցող քաղաք է: «Հազարամյակների ճամփորդ. Երևան» ֆիլմը հրաշալի նվերն է մեր մայրաքաղաքի 2800 ամյակին»,- ասաց քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։

Հարցին, թե ինչքանով էր իրենց առաջ դրված նպատակը իրագործվել, Արտակ Մովսիսյանը պատասխանեց. «Ի սկզբանե ծրագրը ներկայացրել ենք «Հայաստանի մայրաքաղաքներ» խորագրով, նպատակը բոլոր մայրաքաղաքներին անդրադառնալն էր: Մեր այս ծրագրում Երևանը պիտի լիներ վերջում: Բայց քանի որ ամբողջն անել հնարավոր չէր, և առջևում մայրաքաղաքի 2800-ամյակն էր, մենք սկսեցին վերջից: Հիմա ձգտելու ենք, Աստծո կամքով, Հայաստանի մայրաքաղաքներ ծրագիրը ամբողջությամբ իրականացնել»: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ