Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու. ՀՀ վարչապետը կոչ արեց մասնակցել քվեարկությանը

Չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու. ՀՀ վարչապետը կոչ արեց 
մասնակցել քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն, և ժողովրդի ձայնը արձանագրվելու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին քվեարկելուց հետո ֆեյսբուքի  էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`մաղթելով բոլորին հաջող քվեարկություն: «Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան քվեարկությանը, որովհետև չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու»,-նշել է Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ մայրաքաղաքի բնակիչներն , ովքեր ունեն քվեարկելու իրավունք Երևանի քաղաքապետի ընտրություններում,  պահի պատասխանատվությունը և լրջությունը կարձանագրեն և կգնան ընտրատեղամասեր` քվեարկելու:

«Հիմա մեկնում եմ  Նյու Յորք, ապա մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին և միայն շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երևան: Կոչ եմ անում,  որ բոլորը գնան քվեարկության և իրենց ընտրությունը կատարեն, որովհետև սա շատ կարևոր և պատասխանատու պահ է, և ընդհանրապես բոլոր ընտրություններն էլ կարևոր և պատասխանատու են, և  բոլոր ընտրությունների արդյունքները ձևավորվելու են ձեր քվեարկության արդյունքով»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ընտրությունների ընթացքի և ձայների հաշվառման ողջ ընթացքում լինելու է օդում:

«Հույս եմ դնում ձեզ վրա, որ ամեն ինչ կարգին կլինի, ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի` հանգիստ, հանդարտ մթնոլորտում` իրար ժպտալով, հարգալից, իրար իրավունքների նկատմամբ մեծ գիտակցությամբ»,-ուղիղ եթերի ընթացքում ընդգծեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությանը մասնակցեց 8/16 ընտրատեղամասում:

Երևանում մեկնարկել է ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ից բացվել են Երևանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]