1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը ևս մեկ առիթ է հանրահռչակելու Վարդապետի արվեստն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը ևս մեկ առիթ է հանրահռչակելու  
Վարդապետի արվեստն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի ծննդյան օրը մեկնարկող «Կոմիտաս» միջազգային գիտաժողով- փառատոնը Վարդապետի ժառանգության միջոցով հանրահռչակելու է հայ երաժշտական մշակույթը Եվրոպայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի մանրամասները ներկայացրին կազմակերպիչները:

«Դեռ 2014-ին ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ հիմնվեց «Կոմիտաս» փառատոնը: 2015-ից ի վեր այս փառատոնը կազմակերպչական և առհասարակ հիմնական փառատոնային ձևաչափով Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից ներկայացավ հարությանը: Եվ այս երեք տարի ընթացքում մեր փառատոնը զարգացավ՝ ունենալով գիտական բաղադրիչ, միջազգայնացավ, բացի երևանյան միջոցառումներից անցկացվեցին նաև մարզային միջոցառումներ: Այս տարի նաև մեր բարեկամ Ֆրանսիայի հետ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի ակադեմիայի և համալսարանային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպեցինք մեծ գիտաժողով Փարիզի Սորբոն համալսարանում և մեկ համերգ»,-ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Փառատոնի բացումը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 26-ին, ժամը 19։00-ին՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով: Համերգային մասում ներկայացված են չորս երկիր: Կլինեն մասնակիցներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բոլիվիայից  Ճապոնիայից։ Կան մասնակիցներ, ովքեր ներկայացնելու են տարբեր ծրագրեր՝  նաև հայ կոմպոզիտորների: Իսկ սեպտեմբերի 28-ին Փարիզի Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կանցկացվի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը:  Գիտաժողովում ներգրավված է  6 երկիր՝ Հայաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Արգենտինան, Նիդերլանդները և Ռուսաստանը: Նրանք մեկ հակի տակ են հավաքվելու՝ տարբեր հարցերի քննարկման համար:

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն՝ Ճապոնիայից և Սերխիո Էսկալերան Բոլիվիայից:  Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագ»-ի կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ գիտաժողով-փառատոնը կարևորագույն նշանակություն ունի ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ երաժշտասերների համար: «Կոմիտաս վարդապետն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ երաժշտության պատմության մեջ։ Կոմիտասի 150-ամյա հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևորագույն իրադարձությունների 2018-2019թթ օրացույցում: Վստահ եմ, որ գիտաժողովը կծառայի իր նպատակին և հիմք կհանդիսանա համագործակցության համար, կարևորագույն պլատֆորմ կհանդիսանա միջմշակութային երկխոսության համար»,-ասաց նախարարն ու մաղթեց արդյունավետ աշխատանք:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով  խորհրդական Ալեքս Բորտոլանի փաստմամբ՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև համագործակցությունը ապացույցն է Ֆրանսիայի՝ հայ ժողովրդի հանդեպ ունեցած համակրանքի: «Կոմիտասը խորհրդանշում է մեր երկու երկրների միջև եղած հարաբերութունների ողջ խորությունը: Այս ժողովրդի հանճարն իր ժողովրդի տանջանքներից սարսափահար հայտնվել էր Ֆրանսիայում,և  Ֆրանսիան ամեն ինչ արել է վերջինիս ապաստան տալու և օգնելու համար որպեսզի վերագտնի իրեն»,-նշեց նա ու հավելեց՝ բնական է, որ այս համատեքստում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից իրականացված ծրագրերը պետք է հյուրընկալվեին Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը նշեց՝ այն սկսել են  սոսկ կոմիտասյան ստեղծագործությունների մատուցմամբ, հետագայում այն ընդլայնել է իր ծրագրային շրջանակները:  Նրա կարծիքով՝ Կոմիտասի հետևից քայլում է մեր ողջ կոմպոզիտորական արվեստը: «Կոմիտասն այն մեծ կամուրջն էր, որի միջոցով կարողացանք շփվել Եվրոպայի հետ, ապա այդ ժամանակի Եվրոպան ևս պետք է ներկայացված լինի այս փառատոնի շրջանակներում: Վերջապես, ներկայացվելու է նաև ժամանակակից արվեստ, որը չափազանց տեղին է Կոմիտասի դեպքում, քանի որ Կոմիտասն իր ժամանակի առաջադեմներից էր»,-նկատեց Նավոյանը:

Փարիզի գիտաժողովում ներկայացվելու հայ ավանդական երաժշտությունը՝ իր հիմնական ճյուղերով, նաև աշխարհի մշակույթի ցանկացած դրսևորում: Նավոյանը օրինաչափ համարեց, որ Կոմիտասի 150-ամյա հոբելյանը սկսում են Ֆրանսիայից՝ Կոմիտասին շատ հարազատ մշակութային միջավայրից:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն այս գիտաժողով-փառատոնը ևս մեկ առիթ համարեց եվրոպացիների կողմից մեր արվեստը բարձր գնահատելու համար: Նա ցավով նկատեց, որ թեև Կոմիտասը բարձրագույն արժեք է, սակայն մեր գրաբարի նման աստիճանաբար հեռանում է մեզանից: Սակայն այս գիտաժողովը համարեց խոշոր առիթ, որ մեկ անգամ ևս հպարտանալու առիթ ունենանք:

Միջազգային գիտաժողով- փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին ժամը 16-00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Հայաստանի մանկական երգչախմբի համերգով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]