1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնականը

Արտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնականը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի շրջանակում տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու կարիք տեսնու՞մ է:

«Ձևաչափի որևէ փոփոխություն որևէ ադյունք չի ունենալու: Մենք բնականաբար դեմ ենք լինելու դրան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու հարցին՝ նշելով, որ  դժբախտաբար Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը:

«Բայց ես ավելի կընդհանրացնեի այս հարցը, քանի որ այն ոչ միայն դրան է վերաբերում, այլև ընդհանրապես խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանը, վերացնելուն բոլոր վտանգները, որոնք կարող են բերել լարվածության աճին: Սա ավելի համապարփակ հարց է, իր մեջ պարունակում է բազմաթիվ ենթահարցեր, որոնցից մեկն է անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման հարցը: Մենք շարունակելու ենք այս հարցի շուրջ աշխատել»,-նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում և Արցախում ընտրել են պետություն կառուցելու մի ուղի, որտեղ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը պետականության կառուցման հիմքն են:

«Ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ՝ Հայաստանի համար, Արցախի համար վերաբերում է մարդուն, վերաբերում է Արցախի հարյուր հիսուն հազար բնակիչներին՝ մեր հայրենակիցներին, ում անվտանգության և գոյության համար առկա է հստակ սպառնալիք: Այն պայմաններում, երբ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ շարունակվում է այլատյացության, ատելության սերմանումը, չենք պատկերացնում, թե ինչպես է հնարավոր խոսել իրավունքի մասին...»,- հավելել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը խոսել է նաև բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցի մասին: Նա նշել է, որ Արցախն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ և դա նորություն չէ:

«Իրականում այն, որ Արցախն ունի որոշիչ ձայն այս գործընթացում, արտահայտվել է բազմիցս, և դա իրողություն է: Արցախի որոշիչ ձայնի կիրառելիությունն ապահովելու համար մենք շարունակելու ենք աշխատել այս հարցի շուրջ: Հստակ է, որ  առանց Արցախի որոշումների որևէ տևական կայուն լուծում ենթադրելն ու պատկերացնելն անհնար է»,-ասել է նախարարն՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում, և աշխատել բոլոր այս հարցերի շուրջ, որովհետև բանակցությունների միջոցով է, որ կարող են լուծումներ տալ։

Հարցին, թե արդյոք ՄԱԿ-ում նախատեսված է Մամեդյարովի հանդիպում, Զորհաբ Մնացականյանը նշել է, որ մոտ ժամանակներս համաձայնեցված ձևով կհայտարարեն այդ մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]