Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Արամ Նավասարդյանը վստահեցնում է՝ սոցհարցումներից ստացված թվերը կուսակցությունների աշխատանքի, քարոզարշավների արդյունքն են


ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների համար սոցհարցումներ իրականացրած Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը վստահեցնում է ՝ հարցումներից ստացված թվերը ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների աշխատանքի արդյունքն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նավասարդյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու ընտրությունների համար արված «Քաղաքապետի 12 առաքյալները - արար 2-րդ» խորագրով հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո:

«Մենք հրապարակում ենք այն պատկերը, որը գրանցվում է՝ հաշվի առնելով քարոզարշավը, դրա տևողությունը, արդար լինելը կամ չլինելը, կուսակցությունների՝ իրենց ծրագրերը հստակ ներկայացնելու հնարավորությունները: Այն պատկերը, որը գրանցվում է, ոչ թե մեր մեղքն է, այլ այն իրականությունն է, որը գրանցվում է նրանց աշխատանքի արդյունքում»,-ասաց Նավասարդյանն ու նկատեց՝ նախորդ հարցման համեմատ մի քանի կուսակցությունների ցուցանիշներ աճել էին, մի քանիսինը՝ նվազել:

Նա նշեց նաև՝ վերջին մեկ շաբաթում տարբեր կուսակցությունների կողմից շատ հակադարձ թիրախավորումներ, կոմպրոմատներ եղան: «Թե ինչու են ընտրարշավի ժամանակ անցնում անձնական վիրավորանքների, ես չեմ կարող ասել: Կրկնում եմ՝ մենք պարզապես արձանագրում ենք այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել՝ հաշվի առնելով նաև այդ փոխադարձ թիրախավորումները»,-նշեց Նավասարդյանը:

Անդրադառնալով «Լույս» դաշինքից Էդմոն Մարուքյանի՝ քարոզարշավում արված դիտարկմանը, թե սոցհարցումներին հավատալ պետք չէ, ԱՄՆ նախագահի ընտրության և Brexit-ի ժամանակ սոցհարցումների արդյունքները սխալ են եղել, Նավասարդյանը նշեց՝ Մարուքյանին տված տեղեկությունները թերի են կամ ոչ մասնագիտական: «Խոսվում է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը որևէ կերպ չէր կանխատեսվում, և բոլորն ասում էին, թե Հիլարի Քլինթոնն է հաղթելու: Իրականում երբևէ որևէ լուրջ հետազոտական կազմակերպություն չի ասել, որ հաղթելու է Քլինթոնը կամ Թրամփը: Ուղղակի ԱՄՆ-ում կան լրագրողներ, ովքեր հակված են եղել այս կամ այն թեկնածուի հետ կապված մեկնաբանություն անել: Քանի որ 1 տոկոսով առաջ է եղել Քլինթոնը, լրագրողները նշել են, թե հաղթելու է հենց նա: Որևէ լուրջ հետազոտական կազմակերպության ղեկավար մեկնաբանություն չի տվել, թե ով է հաղթելու»,-ասաց նա ու հիշեցրեց 3 կամ 2 տոկոս ընտրանքային սխալի մասին:

Անդրադառնալով Brexit-ին՝ նա նշեց՝ դրա հետ կապված եղել էին շատ հետազոտություններ: Դրանց մի մասն ասում էր, թե Brexit չի լինելու, իսկ մյուս մասը՝ հակառակը: Նավասարդյանը նկատեց՝ պարզապես ավելի շատ քննարկվում, տարածվում էին այն հետազոտությունները, որոնք ասում էին, որ չի լինելու Brexit:




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ