Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը հադես է եկել հայ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Ա-ն  նշել է, որ անկախ հայրենիքը, բնականաբար ունեցել է թերություններ ու հաջողություններ, սակայն շարունակել է հայրենաշինության աշխատանքը շնորհիվ հայ ժողովրդին գործուն մասնակցության։

«Հայրենիքը հզորացնելը ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այլ առաքելություն է գերազանցորեն ներկայիս Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների դեմ հանդիման, որոնց դիմագրավումը պահանջում է հայ ժողովրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունը»,- ընդգծել է Վեհափառ Հայրապետը:

Նրա խոսքով՝ անկախության օրը ցնծության օր է. միաժամանակ հրավեր է բոլորին՝ իրապաշտ ոգով ու քննական հայացքով ինքնաքննության, որպեսզի նպատակասլաց կերպով կարողանանք հայրենիքի ապագան կերտել։

Վեհափառ Հայրապետը նշել է, որ հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի դիմաց, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական անհրաժեշտություն է։ Արամ Ա-ն կոչ է ուղղել հեռու մնալ ներքին բեւեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից ու արտահայտություններից, թե՛ Հայաստանում, թե Սփյուռքում. «Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ. մեր միակամությունը աղբյուր է հզորության ու երաշխիք՝ մեր հայրենիքի ու ժողովրդի հաջողության»,- ասել է Վեհափառ Հայրապետը։

Խոսելով Հայաստանի ներկա վիճակի մասին՝ Հայրապետը թվել է այն տագնապները, որոնց դիմակայումը կարիք ունի համահայկական ճիգերի, ինչպես՝ Հայաստանում օրինականության ամրապնդումը, հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը եւ Հայաստանի միջազգային հարաբերությունների առավել ծավալումը։

Վեհափառ Հայրապետը շեշտել է հայոց բանակի առանցքային դերը անկախության պահպանման գործում. «Մեր նոր օրերի թշնամիների դիմաց գեշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղերքն են՝ մեր նոր օրերի հերոսները։ Մենք հայոց բանակի հետ ենք բառի ամբողջական իմաստով»,- շեշտել է Արամ Ա-ն:

Անդրադառնալով հայ ազգի գոյատեւման պայքարում հայ եկեղեցու ունեցած դերակատարությանը՝ Վեհափառ Հայրապետն ասել է. «Հայ եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի հոգեւոր հեղափոխությամբ, Ս. Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությամբ եւ Խրիմյան հայրիկի մարտունակությամբ Հայաստանի անկախության դրոշակակիրն է դարձել: Մեր եկեղեցին մեր պատմության բոլոր ժամանակներին իր արյունն է թափել Հայաստանի անկախության համար, որովհետեւ մեր եկեղեցին մեր ժողովուրդն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեր եկեղեցին կոչված է իր հավատքի առաքելությունը եւ ժողովրդի ծառայությունը շարունակել՝ միշտ մնալով հայրենիքի կողքին, ջատագովը հանդիսանալով մեր հայրենիքի անկախության»։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ