Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր 
փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը:

Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձևավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզների վերափոխման և ազգային օրենսդրության մշակման տարիներ:

Միաժամանակ, Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ, գործուն մասնակցություն ունեցավ միջպետական տարբեր դաշինքների ստեղծմանը՝ դրանով իսկ ընդլայնելով ու ամրապնդելով իր տնտեսության զարգացման հնարավորությունները և անվտանգային միջավայրը:

1991 թվականի այս օրը կանգնած լինելով կանխատեսելի ու անկանխատեսելի մարտահրավերների, բազմաթիվ փորձությունների և հարցականների առջև՝ մենք անբեկանելի վճռով ուրվագծեցինք մեր հայրենիքի ազատ ապագան: Անկախ պետականություն կառուցելու ճանապարհը մեզ համար անցավ պատերազմի արահետներով: Եվ այսօր տոնելով Հայաստանի Հանրապետության ծննդյան հերթական տարեդարձը՝ առաջին հերթին պիտի ոգեկոչենք հայրենիքը, հայությանն ու սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելիս ընկածների պայծառ հիշատակը: Հավերժ փառք նրանց:

Սիրելի բարեկամներ, սեպտեմբերի 21-ը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի մղած դարավոր պայքարի փառավոր էջերն ու փորձություններով լի պահերը և դարձել է ազատ ապագա կերտելու մեր ձգտման իրավական վավերացումը: Դրա շնորհիվ այսօր պահպանում ու զարգացնում ենք մեր քաղաքակրթական ինքնատիպ ու հարուստ ժառանգությունը, ունենք ժողովրդավարական հասարակություն, պաշտպանված հայրենիք և խելակորույս արագությամբ փոխվող աշխարհի կարևորագույն գործընթացներին ինտեգրված պետություն:

Մենք համաժողովրդական պայքարով ենք հասել այս նվաճումներին, որոնք պահպանելու և ամրապնդելու համար այսօր և միշտ անհրաժեշտ է ըմբռնումն այն պարզ իրողության, որ Հայաստանի Հանրապետության ապագան այլևս մեր ձեռքերում է:

Սիրելի հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ը մեր պետական տոնացույցում անջնջելի  տառերով գրվեց առաջին հերթին հայ ժողովրդի միասնության շնորհիվ:

Վերջին շրջանում մենք ներքաղաքական պայքարի լարված ամիսներ ենք ապրում:

Սակայն, անցած քսանյոթ տարիների անգամ ամենադրամատիկ պահերն ապացուցել են, որ մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, հավատում ենք մեր ուժերին և իրականություն ենք դարձնում ապագային նայող ծրագրերը: Վստահ եմ, որ հիմա էլ այդպես կլինի և կսկսվի լուծումներ գտնելուն միտված կառուցողական քննարկումների ժամանակը:

Յուրաքանչյուրս հստակ գիտակցենք մեր տեղը, դերը և պատասխանատվությունը Հայաստանի ու հայության հանդեպ և ամենատարբեր ասպարեզներում հնարավորին չափով մեր ավանդը բերենք բոլորիս երազած հայրենիքը կառուցելու գործին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]