Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բանակի ստեղծումից մինչև ակտիվ ներգրավվածություն միջազգային հարթակում. պատգամավորներն առանձնացրին 27-ամյա անկախ Հայաստանի ձեռքբերումները

Բանակի ստեղծումից մինչև ակտիվ ներգրավվածություն միջազգային հարթակում. 
պատգամավորներն առանձնացրին 27-ամյա անկախ Հայաստանի ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն անկախության 27 տարիներին զգալի ձեռքբերումներ է ունեցել տարբեր ոլորտներում: ՀՀ ազգային ժողովի պատգամավորներն առանձնացրին մի քանիսը՝ բանակի ստեղծում, շատ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում, միջազգային կառույցներում Հայաստանի ակտիվ ներգրավվածություն, նաև ձեռքբերումներ՝ Արցախի հարցում:

«Արմենպրես»-ի թղթակիցը Հայաստանի անկախության տոնի առթիվ զրուցել է տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ:

«Քաղաքական անկախությանը պետք է զուգակցվեր նաև տնտեսական անկախության, սոցիալական ձեռքբերումների հետ: Այս առումով առաջինը Արցախի հետ կապված ձեռքբերումներն են: Մինչև 1994-ի մայիս-հունիս մենք  ունեցանք լրջագույն ձեռքբերումներ, որոնք պետք է պահպանենք ու զարգացնենք: Հիմա Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի ժամանակն է: Մենք կարողացանք Հայոց ցեղասպանության խնդիրը ավելի հանրահայտ դարձնել, հիմա արդեն պիտի անցնենք հաղթահարմանը, ակնկալենք փոխհատուցում: Շատ կարևորում եմ, որ անկախության տարիներին մենք ունեցանք նոր սերունդ, որն իրականացրեց թավշյա հեղափոխությունը: Նրանք տոգորված են նոր գաղափարներով: Եվ ավելի լավ երկրում ապրելու համար նրանք պետք է գործողություններ անեն»,-ասաց ԱԺ «Ծառուկյան»  խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Մելքումյանը նշեց նաև՝ անկախության տարիներին Հայաստան աշխարհին ավելի ճանաչելի դարձավ տարբեր ոլորտներում, ցույց տվեց, որ ժողովրդավարական պետություն է: Նկատեց՝ սոցիալ-տնտեսական առումով եղել են նաև խնդիրներ, աղքատություն, սակայն դրանք անկախության հետ կապ չունեն: Կառավարման պետական համակարգը ևս երբեմն լրջագույն խնդիրներ է արձանագրել:

Խոսելով տնտեսության ոլորտում ձեռքբերումների մասին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշեց, որ դրանք դեռ բավարար չեն: Պատգամավորն անկնկալում է, որ հեղափոխության արդյունքում ստեղծված  նոր իրավիճակում, երբ արհեստական մենաշնորհները վերացվել են, կոռուպցիան գրեթե արմատախիլ է եղել, արվեն ճիշտ սոցիալ-տնտեսական քայլեր:  Ներդրումների համար ավելի նպաստավոր պայմաններ պետք է ստեղծվեն: «Պետք է ապահովել կայունացումը, ինչի արդյունքում Հայաստան ներդրումներ կգան, կհաղթահարվի աղքատությունը: Ակնկալում եմ արագություն և տեմպ»,-նշեց պատգամավորը:

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը բարձրագույն արժեք համարեց, որ հայ ժողովուրդը վերջին 27 տարում իր համար արձանագրել է անկախ պետականություն: «Առանձին ձեռքբերումներն են մեր բանակը՝ անվտանգության երաշխավորը, Արցախի ազատագրումը: Մենք պետություն ենք ստեղծել, որը ներկայացված է միջազգային հարթակներում: Այն ունի իր միջազգային վարկը»,-ասաց Մարուքյանն ու անկախ Հայաստանի քաղաքացիներին մաղթեց ունենալ բարձր քաղաքացիական գիտակցություն և անել ամեն ինչ մեր երկրի հզորացման համար:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հիշեց՝ 1991-ի անկախացումից հետո ծանր ժամանակներ էին՝ պետությունը կանգնել էր պատերազմի առաջ, սակայն այդ ժամանակի ամենակարևոր ձեռքբերումը եղավ հենց Հայոց բանակի ստեղծումը: Այդ ժամանակում բանակը թե Հայաստանում, թե Արցախում կարողացավ լուրջ ինքնապաշտպանական մարտեր մղել: «Եվ բանակի շնորհիվ մենք կարողացանք պահպանել նաև մեր ֆիզիկական անվտանգությունը: Այդ ժամանակ գնդակոծում էին ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի սահմանները՝ Բերդը, Ճամբարակը, Կապանը… Դա փաստացի ագրեսիա էր նաև մեր երկրի դեմ: Եվ այն ժամակաշրջանի պաշտպանության ոլորտի և երկրի ղեկավարների շնորհիվ մենք հասանք բավականին լուրջ առաջընթացի բանակաշինության ոլորտում: Երկրորդ լուրջ ձեռքբերումն այն է, որ մեր պետությունը դարձավ միջազգային հանրության ամբողջական սուբյեկտ: Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ, ընդգրկվեց տարբեր միջազգային կազմակերպություններում: Շատ կարևոր էր նաև ՀԱՊԿ մտնելը, այն Հայաստանի պաշտպանության համար կարևորագույն մարմիններից է: Տնտեսական առումով կարևոր ձեռքբերում էր մուտքը ԵԱՏՄ ՝ հսկայական շուկա, որը լուրջ հնարավորություններ է տալիս առևտրաշրջանառության, տնտեսության զարգացման համար»,-ասաց պատգամավորը:

Շարմազանովի կարծիքով՝ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը այս տարիների ընթացքում ևս զարգացել են: Արտաքին քաղաքականության մեջ առանձնացրեց հետևյալ հիմնական հարցերը՝ Հայաստանի արտաքին անվտանգության սպասարկում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում ու Արցախի հարցում հայանպաստ լուծում՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Այդ սկզբունքի մեջ կարևոր համարեց Արցախի ինքնորոշման իրավունքը: Պատգամավորը շեշտեց նաև, որ  ցեղասպանության միջազգային ճանաչման գործում անկախության այս տարիներին բազմաթիվ պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան և այլն, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Որոշ երկրներ անգամ ընդունել են դրա ժխտողականության դեմ օրենք: Կիպրոսը դա արել է միաձայն:

Պատգամավորը նշեց ՝ ներկայում անկախ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պետության առաջ պետք է ունենան պարտավորություն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանը ևս որպես անկախության ձեռքբերում և նաև այն պահող ուժ համարեց ազգային բանակը: «Շատ կարևոր է նաև այս տարիներին բանկային համակարգի կայացումը: Բոլոր ոլորտներում ինստիտուտները կարողացել են կայանալ: Հաճախ գերագնահատում ենք բացթողումները, բայց մեր հանրապետությունը երիտասարդ է, և յուրաքանչյուր ոլորտ ունեցել է որոշակի ձեռքբերումներ:  Բոլոր ինստիտուտների գործառույթն ի վերջո միտված է մի նպատակի՝ հզորացնել Հայաստանը, արտաքին աշխարհի համար դարձնել ներկայանալի»,-նշեց պատգամավորը:

Առաքելյանը շեշտեց՝ ներկայում պետք է ստեղծել համերաշխ հասարակություն և սերմանել ազգային մտածողություն, քանի որ միայն այդ կերպ է պատկերանում երկրի ամրությունը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության Անկախության տոն:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]