Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Վարչապետն ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը կարևորել է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի միջև համագործակցության զարգացումը, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան կրթական կապերի հետագա խորացմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին և նշել, որ մեր երկրում տեղի ունեցածը ոչ միայն քաղաքական, այլև մշակութային և կրթական հեղափոխություն էր, որը լայն հնարավորություն է ընձեռել նաև կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար: Վարչապետի խոսքով՝ կրթությունը ժողովրդավարական հասարակության զարգացման ու տնտեսական առաջընթացի անկյունաքարերից է, և ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ՀՀ կրթական մեծ ներուժը նորարարությունների և ՏՏ ոլորտում, նպատակադրել է բարեփոխումներ իրականացնել Հայաստանն ագրարայինից տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղղությամբ:     

Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հաջողություն են մաղթել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը, այդ թվում՝ կրթության ոլորտում կյանքի կոչելու գործում: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու այդ գործընթացին՝ մասնավորապես, ձեռնարկատիրության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության ոլորտներում համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և կրթական ծրագրերի իրականացման միջոցով: Էրիկ Էսրաիլյանը նաև տեղեկացրել է վարչապետ Փաշինյանին, որ Կալիֆորնիայի համալսարանում առաջիկայում նախատեսվում է բացել Հայագիտության կենտրոն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ