Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Գերմանացի վնասվածքաբանական վիրաբուժության և սպորտային բժշկության մասնագետների խմբի հետ քննարկվեցին մի շարք հարցեր


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորությամբ ԵՊԲՀ-ում այսօր հյուրընկալվեց գերմանացի վնասվածքաբանական վիրաբուժության և սպորտային բժշկության մասնագետների խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական բժշկական համալսարանից, սեպտեմբերի 20-ին Երևան երկօրյա այցով ժամանած խմբի կազմում գերմանական հանրահայտ ATOS կլինիկաների մասնագետներն են։ Հյուրերի թվում են ոլորտի երեք հեղինակավոր բժիշկ և ATOS կլինիկաների երկու մասնաճյուղերի գլխավոր տնօրենները։ Ողջունելով հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ վերջին տարիներին համալսարանը սերտորեն համագործակցում է Գերմանիայի հետ բժշկական կրթության ոլորտում: Նրա գնահատմամբ՝ տարիների ընթացքում համագործակցությունը զարգանում է և գերմանացի գործընկերների բարձր վարկանիշը վկայում է այդ մասին

ԵՊԲՀ ռեկտորը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի վրա: Նա շեշտեց, որ գերմանացի մասնագետներն իրենց այցով, խորհրդատվությամբ կնպաստեն հանրության ջանքերով ստեղծված և համաշխարհային չափանիշներին համապատասխանող այս կառույցի աշխատանքների համալրմանը: Ռեկտորը նշեց, որ մեծ է վերականգնողական բուժման ոլորտում փոխանակային ծրագրեր իրականացնելու շահագրգռվածությունը: Հայրենիքի պաշտպանի տանը առաջիկայում ծրագրվում է ստեղծել նաև ուսումնական կենտրոն և գերմանացի մասնագետները կարող են համագործակցել նաև այցելու պրոֆեսորների կարգավիճակով: Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր հերթին ընդգծեց, որ այսօր գերմանացի այս մասնագիտական խմբի այցը Հայաստան եզակի չէ. ամիսներ առաջ Երևանում էին Համբուրգից, Մյունխենից և Մյուստերից ժամանած մասնագետները: Դիվանագետն ընդգծեց, որ նման այցերը շարունակական են լինելու:

Նա նաև հավելեց, որ ATOS կլինիկաների մասնագետները առաջին հերթին հայտնի են իրենց որակավորված բժիշկներով: ATOS կլինիկաների ներկայացուցիչները ևս ներկայացրին մասնագիտական իրենց փորձը: Գերմանացի գործընկերները առաջարկեցին ԵՊԲՀ ղեկավարությանը սերտացնել համագործակցությունը հատկապես կրթական ուղղությամբ և քննարկել Գերմանիայում սովորողների մասնակցությամբ կրթական ծրագրերի իրականացումը: Մասնագետների խոսքով՝ Գերմանիայում մասնագիտական գիտելիքները հարստացնելուց հետո, բժիշկները հետագայում հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք և այնտեղ շարունակել մասնագիտական գործունեությունը: Հանդիպումից անմիջապես հետո, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը, պատվիրակության անդամները ԵՊԲՀ ռեկտորի հրավերով և ուղեկցությամբ այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նրանք տեղում ծանոթացան վիրավոր զինհաշմանդամներին մատուցվող բժշկական ծառայություններին, տեղի գործընկերների հետ քննարկեցին վերականգնողական բժշկության ոլորտում փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր: Նշենք, որ ATOS կլինիկաների մասնագետների ծառայություններից են օգտվում այնպիսի աշխարահռչակ մարզիկներ, ինչպիսիք են Բորիս Բեկերը և Ֆրանց Բեկենբաուերը, Վլադիմիր Կլիչկոն և Դիրկ Նովիցկուն, գերմանական ֆուտբոլային առաջատար ակումբների անդամները նույնպես սպասարկվում են ATOS կլինիկաների կողմից։ Մասնագետներն այցի շրջանակներում կմասնակցեն մի շարք միջոցառումների ու հանդիպումների։ ATOS կլինիկաների խումբն ակտիվ գործունեություն է ծավալում նաև միջազգային հարթակներում։ Հայաստան պատվիրակության առաջին այցի նպատակը հայաստանյան առողջապահական ոլորտի հետ ծանոթացումը, հայ գործընկերների հետ փորձի փոխանակումն ու մասնագիտական խնդիրների քննարկումը, մեր երկրի առողջապահության ոլորտում գործող բժիշկների և կազմակերպությունների՝ կրթական և բուժհաստատությունների, մարզական ասոցիացիաների և սպորտային ակումբների և այլ կառույցների միջև համագործակցության հաստատումն է։

ATOS առաջին կլինիկան հիմնադրվել է Հայդելբերգում 1991թ. և ի սկզբանե հանդիսացել է բացառապես օրթոպեդիկ պրակտիկա իրականացնող բուժհաստատություն։ Քառորդ դար անց հիմնդադիրներին հաջողվել է ATOS-ը կլինիկաների խմբի վերածել: Այսօր ATOS-ը բժշկության բարձրակարգ ծառայություններ է մատուցում գրեթե ամբողջ Գերմանիայում՝ Հայդելբերգում Համբուրգում, Քյոլնում, Մյունխենում և Բրաունֆելսում: Վերջին տարիների ընթացքում ATOS-ի թիմը շարունակաբար ընդլայնել է իր ծառայությունների շրջանակը՝ մասնագիտանալով կոնքազդրերի, ծնկների, ուսերի, ողնաշարի խնդիրների ուղղությամբ։ Կլինիկաների մասնագետները զբաղվում են երակաբանության, պրակտոլոգիայի, պարանոցի, քթի և ականջի հետ կապված հիվանդությունների բուժմամբ, ինչպես նաև վիսցերալ օրգանների խնդիրների ախտորոշմամբ, բուժմամբ և վիրահատական միջամտություններով։ 2018թ․ կլինիկաների 24 վիրաբույժ ընդգրկվել են Գերմանիայի ամենահայտնի բժիշկների ցանկում։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ