Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջան-Իսրայել մտերմությունը չի վրիպում Թեհրանի ուշադրությունից

Ադրբեջան-Իսրայել մտերմությունը չի վրիպում Թեհրանի ուշադրությունից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻրանի շուրջ խորացող լարվածության համատեքստում կայացավ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի այցն Ադրբեջան, ինչն, իհարկե, չէր կարող վրիպել Թեհրանի ուշադրությունից՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի Իսլամական Հանրապետության ծայրաստիճան սրված հարաբերությունները: Ադրբեջանն ու Իսրայելը փորձում են վստահեցնել, որ այցը միտված էր «տարածաշրջանում անվտանգության խթանմանը», մինչդեռ, դատելով նախկինում հնչած արձագանքներից, Թեհրանում նման քայլերն ընկալվում են որպես միջամտություն տարածաշրջանային գործերին, որն ուղղված է Իրանի դեմ: Իրանական ղեկավարությունը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանին, որ «իսլամական աշխարհի թշնամու հետ հարաբերությունները հղի են լրջագույն հետևանքներով Բաքվի համար»:

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 13-17-ը Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահի, ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գերատեսչության և կառավարության ղեկավարության հետ: Սա Լիբերմանի առաջին այցն է Ադրբեջան պաշտպանության նախարարի պաշտոնում (նախկինում Լիբերմանն Ադրբեջանում եղել է արտգործնախախարի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոններում) և ընկալվում է որպես 2016թ. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցի շարունակություն: Ընդ որում, Լիբերմանի հնգօրյա այցն իր տևողությամբ աննախադեպ է երկու երկրների հարաբերություններում:

Այցի մանրամասները հիմնականում մնացել են փակ դռների հետևում, ինչն ավելի քան սպասելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը մշտապես խուսափում է Իսրայելի հետ խորացող իր հարաբերություններին հրապարակային բնույթ հաղորդելուց՝ զգուշանալով իրանական արձագանքից: Հատկանշական է, որ ժամանակին «Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերից մեկի համաձայն՝ Ալիևը Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին խոսելիս դրանք նմանեցրել է այսբերգի, որի միայն վերին մասն է տեսանելի: Պատահական չէ, որ Իսրայելում մինչ այժմ Ադրբեջանի դեսպանատուն չի բացվել՝ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններեն հաստատվել են դեռևս 1993 թվականին:

Այնուամենայնիվ, ի՞նչ է քննարկվել Բաքվում:

Վերջին տարիներին Ադրբեջանն ու Իսրայելը հայտարարում են իրենց  «բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության» մասին, որն առավելապես դրսևորվում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Ադրբեջանն Իսրայելից զենք գնող երկրորդ երկիրն է Հնդկաստանից հետո: Դեռևս 2016թ. Նեթանյահուի հետ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանն ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական տեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրեր է կնքել Իսրայելի հետ: Ավելին, Լիբերմանի այցից առաջ իսրայելական կողմը չէր հերքում, որ այս այցի շրջանակներում կարող են նոր պայմանավորվածություններ ձեռք բերվել: Սա նշանակում է, որ այցի հիմնական նպատակը ռազմատեխնիկական համագործակցության խորացումն է՝ ի թիվս այլ օրակարգային հարցերի:

Չի կարելի բացառել նաև իրանական ուղղությամբ որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման հնարավորությունը՝ հաշվի առնելով  Իրանի շուրջ ընթացող զարգացումները: Իսրայելը երբեք չի թաքցրել, որ Բաքվի նկատմամբ իր հետաքրքրությունը պայմանավորված է այդ թվում նաև հակաիրանական «պլացդարմի» անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ վերջին տարիներին լրատվամիջոցներում պարբերաբեր տեղեկատվություն է հայտնվում Ադրբեջանում իսրայելցի լրտեսների գործունեության ակտիվացման վերաբերյալ

Նշենք, որ Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրա էներգառեսուրսներով, ինչն էլ հանդիսանում է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների գլխավոր բաղադրիչը (Իսրայելը գնում է ադրբեջանական նավթի շուրջ 40%-ը): Միևնույն ժամանակ, Իսրայելը չի թաքցնում, որ Ադրբեջանի հանդեպ իր հետաքրքրությունը բխում է հատկապես Իրանին հարված հասցնելու համար համապատասխան հարթակի անհրաժեշտությունից: Իսրայելի համար ոչ երկրորդական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը կարևոր է հրեաների և մուսուլմանների միջև գոյակցության հնարավորությունը ցույց տալու տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ Իսրայելն իր գոյության ողջ ընթացքում ձգտել է հարաբերություններ կառուցել ոչ արաբական մուսուլմանական երկրների հետ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքուն իր խնդիրներն է լուծում Իսրայելի հետ հարաբերություններով: Նախ, Ադրբեջանի համար կարևոր է Իսրայելի հետ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, հատկապես էներգետիկ և ռազմական համագործակցության տեսանկյունից: Երկրորդ, Իսրայելի հետ հարաբերությունների կարևորությունն Ադրբեջանի համար պայմանավորված է ԱՄՆ-ի հետ Իսրայելի սերտ հարաբերություններով: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում հրեական լոբբին ակտիվորեն ներկայացնում է Ադրբեջանի շահերը: Միևնույն ժամանակ, Բաքվում փորձում են Իսրայելի հետ համագործակցությունը ներկայացնել որպես հակակշիռ հայ-իրանական հարաբերությունների խորացմանը:

Իրականում, Իսրայելի հետ սերտ հարաբերությունների կառուցումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից վերջին տարիներին շահարկվող «իսլամական համերաշխության» գաղափարի տրամաբանության խախտում, ինչը չի կարող առնվազն հարցեր չառաջացնել ինչպես Իրանի, այնպես էլ մյուս մուսուլմանական երկրների մոտ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ակտիվորեն շահարկում է «իսլամական միասնության» գաղափարը՝ գերազանցապես հակահայկական քայլեր ծրագրելիս: Եվ հիմա հարց է առաջանում, թե ինչպես է հանուն Իսրայելի Ադրբեջանը դավաճանում «իսլամական համերաշխության» այդչափ շահարկվող գաղափարը:

Արփինե Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]