Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի տուժած Մուշեղ Սաղաթելյանի գործով վճիռը. ՀՀ կառավարությանը պարտադրվել է դիմումատուին վճարել 20 հազար 600 եվրո

ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի տուժած Մուշեղ Սաղաթելյանի գործով վճիռը. ՀՀ կառավարությանը պարտադրվել է դիմումատուին վճարել 20 հազար 600 եվրո

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 15 600 եվրո վճարել հայցվորին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և 5000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի կայքը, հայցվորը պնդել է, որ 2008 թվականի մարտի 1-ին բռնության է ենթարկվել ձերբակալության ժամանակ, իսկ ոստիկանական բաժին հասնելուց հետո իշխանությունները չեն իրականացրել բռնության մասին իր պնդումների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն: Նա նաև պնդել է, որ իր ձերբակալությունը եղել է անօրինական և կամայական, որ իր  ձերբակալությունը և հետագա կալանքը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի կամ համապատասխան և բավարար պատճառների վրա: 

Հայցվորը պնդել է նաև, որ իր դատավարությունը արդար չի եղել, քանի որ իր դեմ ողջ քրեական գործը հիմնված է եղել միայն ոստիկանական վկայությունների վրա, բացի այդ խախտված է եղել կողմերի հավասարության սկզբունքը և վկա կանչելու իր իրավունքը, և որ ցուցարարներին ցրելը և այնուհետև նրանց հետապնդումը և դատապարտումը խախտել են ազատ արտահայտման և խաղաղ հավաքների նրա իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ, և այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պարտավոր է հայցվորին վճարել 15.600 եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի դիմաց։

ՄԻԵԴ-ի կողմից մերժվել են Հայաստանի կառավարության առաջարկները և միևնույն ժամանակ արձանագրել, որ հայցվոր Սաղաթելյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվել, արդյունավետ քննություն չի իրականացվել, նրան կալանավորելը եղել է անօրինական և Սաղաթելյանին չի բացատրվել իրեն կալանավորելու օրինական հիմքերը։

Վճռի վերաբերյալ փաստաբան Վահե Գրիգորյանը, որը նաև ՄԻԵԴ-ում տուժողի ներկայացուցիչն է, «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այլևս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլևս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»։

Մուշեղ Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» և «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու կամ կրելու» մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` նա, պարբերաբար մասնակցելով 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, «մարտի 1-ին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հարձակվելով ոստիկանության դասակի հրամանատար Արսեն Արշակյանի վրա, փայտով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս ու թաքնվել ամբոխի մեջ»։ Պարզվել էր նաև, որ Մուշեղ Սաղաթելյանն «ապօրինի կրել էր քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ»:2008 թ. հոկտեմբերի 23-ին մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ