Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերությունները ջերմոց կառուցելու ծրագրով կներդնեն ոչ թե 133, այլ 88 մլն դրամ

«Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերությունները ջերմոց կառուցելու ծրագրով 
կներդնեն ոչ թե 133, այլ 88 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը երկարաձգեց «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի կողմից Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հա կիսափակ ջերմոցային համալիր կառուցելու համար անհրաժեշտ ներդրումների իրականացման ժամկետը:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ սա «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերությունների ծրագիրն է, որով նախատեսվում է լոլիկի արտադրության ջերմոց և բորբոսի պանրի արտադրության արտադրամաս ստեղծել:

Ներդրումային ծրագրով լոլիկի արտադրության ջերմոցային համալիրի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվել էին մոտ 133 մլն դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2018 թվականի ամռանը։ Մինչդեռ ներդրումային ծրագրի ֆինանսավորման և ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետներով, ինչպես նաև ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարմամբ թելադրված ներդրումային ծրագրի ինժեներատեխնիկական առաջարկում համապատասխան փոփոխություններով  պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ներդրումների ծավալներում և շինարարության ավարտի ժամկետներում կատարելու փոփոխություններ ու ներդրումային արժեքը սահմանել 88 մլն դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2019 թվականի դեկտեմբերին։

«Նախատեսվում է շուրջ 88 մլն դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականն ամայացած 60 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700  մշտական աշխատատեղ, կընդլայնվեն ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ շինարարությունն ընթացքի մեջ է:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ 133 մլն դոլարի ներդրումային ծրագիրը նվազում է մինչև 88 մլն դոլարի:

Այս առնչությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես պարոն Հարությունյանի մտահոգությունը հասկանում եմ հետևյալ կերպ. խոստացվել է X քանակի ներդրում և նվիրաբերվել է հող: Հիմա պակասեցնենք, հետո էլի պակասեցնենք, վերջում ներդրումը չլինի, լինի այնպես, որ հողը նվիրեցինք իրեն: Եթե մենք ունենք երաշխիքներ, որ ներդրումներն իրականացվելու են, դա այլ թեմա է»:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ ներդրումները նվազել են ոչ ներդրողի մեղքով, այլ «Երևան ՋԷԿ»-ի, որը պարզվում է, այդքան էլեկտրաէներգիա չի կարող տրամադրել:

Արայիկ Հարությունյանն էլ հարցադրում կատարեց. «Իսկ ներդրումային ծրագիրը քննարկելիս դա հաշվի չի՞ առնվել»: Նա առաջարկեց հարցը ևս մեկ անգամ քննարկել:

Նիկոլ Փաշինյանը ևս առաջարկեց հասկանալ, թե արդյոք ներդրումներն սկսվե՞լ են և աշխատանքն առաջ գնո՞ւմ է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց ծրագիրը հաստատել, բայց պայման դնել, որ եթե ներդրումները չարվեն կամ կիսատ արվեն, հողը հետ ենք վերցնում:

Արդյունքում որոշումն ընդունվեց: Նիկոլ Փաշինյանը նշեց, թե քանի որ պայմանագիրը կնքվել է Երևանի քաղաքապետարանի հետ, ապա այժմ ևս որոշումը պետք է ուղարկվի Երևանի ավագանի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]