Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դիմումատուն հայտնել է, որ 4 տարի առաջ ավտովթարից հետո վիրահատվել է ամուսնու աջ ոտքի ազդրը, սակայն մինչ օրս շարունակում է գանգատվել սուր ցավերից:

Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արդարադատության նախարարությունից սկզբում ստացվել է տեղեկություն, որ դատապարտյալը վիրահատության կարիք չունի: Դատապարտյալի բժշկական քարտի պատճենների ուսումնասիրությունը սակայն ցույց է տվել, որ վնասվածքաբանի կողմից առկա է ցուցում ազդոսկրի կոտրվածքի սերտաճելուց հետո մասնագիտացված կլինիկայում մետաղական կոնստրուկցիայի հեռացում իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Դատապարտյալի առողջական վիճակի դինամիկան գտնվել է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Արդարադատության նախարարության հետ շարունակվող համատեղ աշխատանքի ընթացքում Պաշտպանի աշխատակազմը տեղեկացվել է, որ դատապարտյալը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, հետազոտվել և նրան ցուցվել է վիրահատություն: Արդյունքում, դատապարտյալը վիրահատվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում, հետվիրահատական շրջանն անցել է հարթ՝ առանց բարդությունների, դուրս է գրվել բժշկական կենտրոնից և տեղափոխվել պատժի կրման հիմնական վայր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ