1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի խորհրդարանը նշում է հիմնադրման 100-ամյակը. Ազգային ժողովում տեղի կունենա հոբելյանական միջոցառում

Հայաստանի խորհրդարանը նշում է հիմնադրման 100-ամյակը. Ազգային ժողովում տեղի կունենա հոբելյանական միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 20-ին նշում է հիմնադրման 100-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Ազգային ժողովում տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:

Միջոցառման հրավիրատոմսեր ուղարկվել են ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ բոլոր գումարումների պատգամավորներին: Միջոցառմանը հրավիրված է  շուրջ 600 մարդ:

Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին: 

1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը գումարվեց օգոստոսի 1-ին: Կազմվեց կառավարություն` հիմնականում դաշնակցականներից: Վարչապետ նշանակվեց Հ.Քաջազնունին: Պատմաքաղաքական բարդ ժամանակներում երկուսուկես տարի գոյություն ունեցած Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական սկզբունքով կառավարվող երկիր էր: Խորհրդարանը միապալատ էր, ուներ մշտական հանձնաժողովներ եւ ավագների խորհուրդ: Հանրապետության կառավարությունը հաշվետու էր օրենսդիր մարմնին` խորհրդարանին: Վերջինս իր գոյության ընթացքում հաստատել էր կառավարության չորս կազմ` վարչապետներ Հովհաննես Քաջազնունու, Ալեքսանդր Խատիսյանի, Համո Օհանջանյանի եւ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Պառլամենտը ղեկավարել են Ա.Սահակյանը (01.08.1918-01.08.1919թթ.), Ա.Ահարոնյանը (01.08.1919-04.11.1920թթ.) եւ Հ. Քաջազնունին (04.11.1920-02.12.1920թթ.): Ժողովրդական սկզբունքներով կազմավորված խորհրդարանում գործում էր չորս քաղաքական կուսակցություն` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, սոցիալ-հեղափոխականները եւ Հայ ժողովրդական կուսակցությունը, որոնք կազմում էին խորհրդարանական խմբակցություններ: Հայ հեղափոխական դաշնակցությունը կառավարող կուսակցություն էր, ուներ խորհրդարանական մեծամասնություն, իսկ մյուսները ընդդիմադիր էին: Հայաստանի խորհրդարանն իր գոյության ընթացքում հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունեց 1000-ից ավելի օրենքներ եւ օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր: Ուշագրավ են հայերենը պետական լեզու հռչակելու, պետական համալսարան, դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ հիմնելու, գաղթականության, բանվորների աշխատավարձերը, թոշակներն ավելացնելու, ազատագրական կռիվներում զոհվածների երեխաների ուսուցումը կազմակերպելու, հայ գրողներին, գիտնականներին նյութական օգնություն, արտասահմանում սովորող երիտասարդությանը նպաստներ հատկացնելու եւ բազմաթիվ մեծ ու փոքր, սակայն էական խնդիրների վերաբերյալ կատարված օրենսդրական քայլերը:1920թ. նոյեմբերի 24-ին հրաժարական տվեց Հ.Օհանջանյանի կառավարությունը: Նույն օրը կազմվեց դաշնակցական նոր կառավարություն` Ս.Վրացյանի ղեկավարությամբ: Հայաստանում ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ.Լեգրանը նոյեմբերի 30-ին դաշնակցական կառավարությանն առաջարկեց իշխանությունը խաղաղ հանձնել Հեղկոմին: Կառավարությունն ընդունեց այդ առաջարկը, եւ 1920թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ՌՍՖՍՀ եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքվեց համաձայնագիր, ըստ որի` Հայաստանը հայտարարվեց սոցիալիստական հանրապետություն: 
 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]